«Քրեական աշխարհի մուտքը ՀՀ քաղաքական էլիտա կարող է տեղի ունենալ միայն Սերժ Սարգսյանի հավանության դեպքում»

26-12-2017 16:29

Հայաստանի Գլխավոր դատախազությունը, հաշվի առնելով ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակը, ըստ որի՝ ՌԴ քաղաքացի10 անձանց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել՝ հանցավոր աշխարհի հետ գործարքների համար, պետք է վարույթ հարուցի այդ ցուցակում առկա հայագզի Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ Ռուբեն Թաթուլյանը, ով հայտնի է Ռոբսոն մականունով, Հայաստանի նորդրողների ակումբի անդամ է, ունի ՀՀ դիվանագիտական անձնագիր: Սաքունցը հիշեցնում է, որ ըստ ՀՀ գործող օրենսդրության՝ դիվանագիտական անձնագիր տրվում է նաև անձամբ հանրապետության նախագահի կողմից: Դիվանագիտական անձնագրերի մի մասը տրվում է Արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ, մյուս մասը՝ անձամբ Սերժ Սարգսյանի կողմից: Բայց, ըստ իրավապաշտպանի, այդ մասին ևս որևէ մեկնաբանություն չտրվեց իշխանությունների կողմից, թե ինչ հիմնավորումներով, ում առաջարկությամբ ու ինչ նպատակով է Թաթուլյանին հյուպատոսական անձնագիր տրվել: «Պետք է վարույթ հարուցվի Ռոբսոնի՝ Սերժ Սարգսյանի հետ անմիջական առնչությունների հարցով, թե ինչն է հանդիսանում այդ համագործակցության շարժառիթը: Հանրությունը պետք է հստակ իմանա, թե իր իշխանությունն ինչի հիման վրա է որոշումներ կայացնում, և արդյոք այդ որոշումների հիմքում չկան անձնական շահեր»,- ասաց Սաքունցը: Ըստ իրավապաշտպանի՝ եթե ԱՄՆ ֆինանսերի նախարարությունը նման հիմնավորմամբ պատժամիջոց է կիրառում մարդկանց նկատմամբ, դա նշանակում է, որ պատշաճ հիմքեր կան ենթադրելու, որ այդ մարդկանց կողմից իրականացված գործարքներն ունեն քրեորեն հետապնդելի արարքներ: Այդ պարագայում ՀՀ դիվանագիտական անձնագրի տրամադրումն առավել քան լուրջ մտահոգություն է առաջադրում: Հարց, որի պատասխանը պետք է առնվազն մեկնաբանվի Բաղրամյան 26-ի կողմից: Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ դեռևս ամիսներ առաջ տեղեկություն եղավ այն մասին, որ Հայաստանի ներդրողների ակումբի անդամ Ռուբեն Թաթուլյանը կապ ունի քրեական աշխարհի հետ: Լուրջ քննարկումներ եղան, բայց այն ժամանակ որևէ մեկնաբանություն ու բացատրություն ՀՀ իշխանությունների կողմից չտրվեց: Այսինքն՝ հարցը լռության մատնվեց: Ավելին, այդ ընթացքում նաև քննարկումներ եղան, որ քրեական աշխարհի հետ անձամբ առնչություն ունի Սերժ Սարգսյանը, որի վերաբերյալ հրապարակվեցին նաև լուսանկարներ: «Դա ցույց տվեց, որ առավել քան հիմնավոր էին Սերժ Սարգսյանի՝ քրեական աշխարհի հետ ունեցած կապերի մասին խոսակցությունները: Ավելին, հենց այդ ժամանակ հայտնի դարձավ, որ Ռոբսոնը ունի նաև դիվանագիտական անձնագիր՝ որպես ՀՀ հյուպատոս»,- հավելեց նա: Հիմա, ըստ Սաքունցի, փորձ է արվում այս դեպքով բոլոր մեղադրանքները տեղափոխել վարչապետ Կարեն Կարապետյանի վրա: «Իհարկե, Կարեն Կարապետյանը՝ որպես ռուսական բիզնեսի ներկայացուցիչ, չի կարող չունենալ առնչություն հանցավոր աշխարհի հետ, ինչպես Ռուսաստանի ամբողջ էլիտան: Բայց նրանց մուտքը ՀՀ քաղաքական էլիտա կարող է տեղի ունենալ միայն Սերժ Սարգսյանի տված հավանության դեպքում: Բայց կարծես միտումնավոր քննարկման թիրախը Սերժ Սարգսյանից դուրս է»,- ասաց Սաքունցը: Նա հիշեցնում է ևս մեկ օրինակ: Նախորդ տարի տեղեկություններ եղան, որ քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն իր ձմառային հանգիստը անցկացրել էր Հայաստանում: Նրան դիմավորելու էին գնացել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Իսկ նման մակարդակի դիմավորումը չէր կարող լինել առանց Սերժ Սարգսյանի հավանության: Այսինքն՝ սա ևս մեկ ուշագրավ փաստ է այն մասին, որ քրեական աշխարհի հետ ամենաբարձր մակարդակով համագործակցության փաստեր կան: Իսկ Գլխավոր դատախազության կողմից որևէ մեկնաբանություն չտրվեց: Միայն ոստիկանությունը հայտնեց, որ յուրաքանչյուր ոք ազատ է տեղաշարժվելու, քանի դեռ նրա դեմ չկա հարուցված քրեական գործ», ասաց իրավապաշտպանը:

Lragir.am
26-12-2017 16:29