Նախկին ավագ դատախազին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով

27-12-2017 18:01

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության նախկին ավագ դատախազը միջնորդի միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9000 ԱՄՆ դոլար կաշառք: Այսպես, դեռևս 09.06.2012թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել փաստաթղթեր կեղծելու, խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու և դատախազի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ: Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Սերգեյ Ափոյանը վարկային կազմակերպությունից 40.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու նպատակով հիշյալ կազմակերպություն է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, սակայն որոշ ժամանակ անց դրանց կեղծ լինելու հանգամանքը բացահայտվել է, որի կապակցությամբ հաղորդում է ուղարկվել դատախազություն: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը, ստացված հաղորդման ստուգման արդյունքում պարզելով, որ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ գույքի հափշտակությունը կազմակերպել է Սերգեյ Ափոյանը, վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու և հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար միջնորդ Արթուր Ղուկասյանի միջոցով Ս. Ափոյանից պահանջել և 2012 թվականի սեպտեմբերի 3-ին ու 4-ին ստացել է համապատասխանաբար 8.000 և 1.000 ԱՄՆ դոլար կաշառք: Վերը նշված հանցագործությունը կատարելու` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Խ. Բաղդասարյանը 10.09.2012թ.-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն քննությունից թաքնվելու հիմքով վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որից հետո նշված քրեական գործով վարույթը կասեցվել է մինչև հետախուզվող մեղադրյալի հայտնաբերումը: 31.08.2017թ.-ին Խ. Բաղդասարյանը հայտնաբերվել է Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից և 24.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել Հայաստան: Նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել հետախուզվողին հայտնաբերելու հիմքով քրեական գործի վարույթը վերսկսելու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: 25.11.2017թ.-ին նախկին ավագ դատախազի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից վերահաստատվել է: Խաչատուր Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Lragir.am
27-12-2017 18:01