Երթը հանրային միջոցառումների մեկնարկն է. Էդմոն Մարուքյանն ասել է, թե ինչ քայլեր են նախատեսում

16-01-2018 14:29

Եթե Ելք դաշինքի՝ հունվարի 19-ին կայանալիք երթի արդյունքում իշխանությունները զիջումների չգնան, կլինեն ավելի մեծ զանգվածային միջոցառումներ, չի բացառվում նաև նստացույցը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Մենք հիմա ամբողջ ուժերը կոնսոլիդացնում ենք երթի վրա և մեր քաղաքացիներին կրկին կոչ ենք անում գալ Մոսկվա կինոթատրոնի հրապարակ հունվարի 19-ին, ժամը 17-ին»,- ասաց նա: Ըստ նրա՝ երթը հանրային միջոցառումներից մեկն է և մեկնարկը՝ ընդդեմ այդ թանկացումների: “Այսօր արդեն սկսել են բողոքել երթուղային գծատերերը, և բնական է, եթե վարորդները բողոքում են, ուրեմն գծատերերն են բողոքում: Մենք ի՞նչ ենք ասում, մենք ասում ենք՝ այս թանկացումները բոլորիս են վերաբերում, կապ չունի ով ինչ քաղաքական հայացքների տեր է, կապ չունի ով ում է ընտրել ընտրությունների ժամանակ”,- ասաց նա: Մարուքյանը բոլորին կոչ է անում միասին դուրս գալ պայքարի՝ հավելելով, որ  առանձին պայքարն արդյունք չի տա: Իշխանությունները զիջումների կգնան միայն այն դեպքում, երբ մեծ պայքար լինի: Իսկ զիջումն, ըստ նրա, պետք է լինի այն, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ պետք է արվեն: «1000 խմ սեղմած գազի ակցիզային հարկը 25 հազար դարձնելը նշանակում էր, որ այն ազդեցություն ունենալու է, և այսօր դա երևում է: Եվ հիմա հանրային տրանսպորտը սպասարկող ընկերությունները կանգնած են շատ լուրջ խնդրի առաջ, որովհետև մի կողմից կա քաղաքական որոշում՝ թույլ չտալ թանկացնել ուղեվարձը, բայց մյուս կողմից կա հարկային փոփոխությունը, որով 3 անգամ թանկանում է ակցիզային հարկը”,- ասաց նա: Հետևաբար, մնում է երկու տարբերակ` կամ տնտեսվարողները պետք է ուղեվարձը թանկացնեն, որը կրկին բողոքի ալիք կբարձրացնի, կամ պետք է գան ԱԺ և փոխեն Հարկային օրենսգիրքը: «Մենք չենք ուզում լսումներ կազմակերպել, թե կարագն ինչու է թանկացել, մենք լուծում ենք առաջարկում: Իսկ լուծումն այն է, որ Հարկային օրենսգիրքը պետք է փոխել, նվազագույնը ետ գալ այն նույն իրավակարգավորումներին, որ կար մինչև հունվարի 1-ը»,- ընդգծեց նա: 

Lragir.am
16-01-2018 14:29