Բաքուն պետք է հրաժարվի լեզվաբանական վարժանքներից․ Նալբանդյան

27-03-2018 14:12

Միգուցե Ադրբեջանը ի զորու չէ իսկապես վերադառնալ կառուցողական դաշտ և նրան պետք է վերադարձնել: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչի մասին է Ալիևը խոսում, երբ ասում է, որ նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող բանակցությունները նոր, ավելի ակտիվ փուլ են մտնում՝ հիմնված  եռանախագահների կրեատիվ գաղափարների վրա: «Բաքուն ասում էր, որ պետք է բովանդակային, սուբստանտիվ կամ տրամաբանական բանակցություններ վարել, ասես թե մինչև հիմա այդ բանակցությունները ոչ բովանդակային էին, ոչ էլ տրամաբանական. այդ դեպքում ինչո՞ւ էր այդ երկրի նախագահը երկու տասնյակից ավել ամենաբարձր մակարդակով հանդիպումների մասնակցում, եթե դրանք անբովանդակ էին և անտրամաբանական: Հիմա հաջողությամբ ավարտելով այդ բովանդակային եւ տրամաբանական բանակցությունների փուլը՝ անցան մի նոր փուլի, երբ իբրև թե պետք է հիմնված լինի եռանախագահների կողմից կրեատիվ ինչ-որ առաջարկների վրա: Ի՞նչ կրեատիվության մասին է  խոսքը, գուցե այն կրեատիվության, որը բխում է Ադրբեջանի ոչ այնքան առողջ երևակայությունից, և այդ կրեատիվությունը գնաց, հասավ նրան, որ ասում են, թե մեր 2800-ամյա մայրաքաղաքը կամ Հայաստանի այլ շրջանները Ադրբեջանի պատմական տարածքն  են. կամ այն կրեատիվությունը, որով նրանք մշտապես սպառնում են ուժ կիրառել, այսինքն՝ գուցե նրանք այսպիսի նոր հնարք են գտել՝ բացատրելու համար, թե ինչու են հրաժարվում համանախագահների առաջարկներից, այդ իսկ երկրների նախագահների կողմից արված հինգ սկզբունքներից, առաջարկություններից, որոնք մշակված են որպես մեկ ամբողջություն»,-ասաց նա: Էդվարդ Նալբանդյանը նշեց, թե ինքը սպասում է, որ այդ առաջարկները Ադրբեջանի կողմից դառնան ընդունելի, կրեատիվ: «Միգուցե նրանք գտնում են, որ այդ առաջարկները կրեատիվ չէին, այլ պարզունակ, այսինքն՝ նրանք իրենց իրավունքն են վերապահում գնահատելու, թե որ առաջարկներն են կրեատիվ: Կարևորն այժմ այն է, որ նրանք ձերբազատվեն այս՝ իրականությունից շատ հեռու լեզվաբանական վարժանքներից, վերադառնան կառուցողական դաշտ եւ առաջին հերթին իրականացնեն  հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, իրենց պարտավորությունները և հարգեն դրանք»,-նշեց Էդվարդ Նալբանդյանը եւ հավելեց, որ պայմանավորվածությունների իրականացման առումով Ադրբեջանը շարունակում է շարժվել իրեն բնորոշ քաղաքականությամբ, այսինքն՝ հրաժարվում է դրանցից:

1in.am
27-03-2018 14:12