Մարտի 25-ին ՌԴ Կեմերովո քաղաքում «Զիմնյայա վիշնյա» առևտրային խոշոր կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո Հայաստանում Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները ուսումնասիրում են առևտրային խոշոր կենտրոնների հակահրդեհային համակարգերը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: «Չնայած զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ ՀՀ ԱԻՆ կողմից տարածված տեղեկատվությանը՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր, մտահոգված լինելով Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությամբ, շարունակում են հարցնել, թե արդյոք ՀՀ ԱԻՆ-ը իրականացնում է ստուգումներ Հայաստանի առևտրային կենտրոններում: Հայտնում եմ, որ 2018թ.-ի սկզբից ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առևտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ և այլն): Հետազոտությունները շարունակվում են: Հենց այս պահին մեր փորձագետները «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում են հետազոտություն իրականացնում: Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով», իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԻՆ լրատվական ծառայության պատասխանատու Նանա Գնդոյանը: Տեղեկացնենք, որ Կեմերովոյում հրդեհի հետևանքով 64 մարդ էր մահացել, որից 41-ը՝ երեխաներ: