Հայաստանը ճիշտ ուղու վրա է․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

27-03-2018 14:07

Եվրամիությունը վիզաների ազատականացման հարցում վարում է «քայլ առ քայլ» քաղաքականություն: Այս մասին Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին ասաց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը: «Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում իրավական պետություն դառնալու, մարդու իրավունքների պաշտպանության հարցում, և, իհարկե, այդ  ջանքերը պետք է  շարունակվեն: Հայաստանը ճիշտ ուղու վրա է, եւ այսպես շարունակելու դեպքում օրը կգա, երբ վիզաները, ի վերջո, կազատականացվեն»,-ասաց նա: Ժան Ասելբոռնն ընդգծեց, որ Լյուքսեմբուրգը մշտապես դրական մոտեցում է ունեցել՝ ի նպաստ այն մարդկանց, ովքեր ցանկանում են այցելել իրենց երկրները: «Մենք որոշակի մտավախություն ունեցանք, կարելի  է ասել, որոշ չափով արդարացված մտավախություն Բալկանյան երկրների առնչությամբ, երբ մարդիկ վիզայի միջոցով գալիս էին և պահանջում միջազգային պաշտպանություն: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ Հայաստանը ճիշտ ուղիով է ընթանում, եւ,  կարծում եմ, նախարարը շատ լավ գիտի, որ այսպիսի հարցերը մեկ օրում չեն իրականացվում, իսկ  ԵՄ-ն, անշուշտ, աջակցում է: Ես կոնկրետ ամսաթիվ չեմ կարող նշել, դա կախված է նաև Եվրահանձնաժողովից, հենց այն պետք է գտնի շահառու բոլոր երկրների համար համապատասխան լուծում: Դուք կարող եք հույս դնել Լյուքսեմբուրգի վրա, մենք ամեն ինչ կանենք այս հարցն առաջ մղելու համար»,-նշեց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը:

1in.am
27-03-2018 14:07