Տեղական տուրքերի և վճարների հաշվառման և գանձնման մեխանիզմները վերանայելու նպատակով Դավիթ Խաժակյանը դիմել է Տարոն Մարգարյանին

27-03-2018 14:01

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին տեղական տուրքերի և վճարների հաշվառման և գանձնման մեխանիզմները վերանայելու և այդ գործառույթներն իրականացնող հաստիքացուցակները օպտիմալացնելու նպատակով: «Երևան քաղաքում գույքահարկի և աղբահանության վճարների գումարների հավաքագրումն ու գանձումն իրականացվում է մեխանիկական եղանակով. հավաքագրումն իրականացնող աշխատակիցների միջոցով, վճարումների կանխիկ ընդունման անդորրագրերով: Գույքահարկի մասով. վարչական շրջաններում եկամուտների հաշվառման և հավաքագրան բաժինների հիմնական գործառույթը մեխանիկական այս աշխատանքի իրականացումն է, ինչը հիմք է ծանրաբեռնված վարչական գործունեության, մեծ հաստիքացուցակների և կանխիկի շրջանառության, Աղբահանության վճարների մասով. վարչական շրջանների ղեկավարներին և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին պատվիրակվել են աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների գումարների հավաքագրման գործառույթները, ինչը ևս հիմք է ծանրաբեռնված վարչական գործունեության, կանխիկի շրջանառության ինչպես նաև գումարների թերհավաքագրման: Այս մասով առկա է նաև աղբահանության վճարների ճշգրիտ հաշվառման խնդիր, քանզի բազմաբնակարան շենքերի պարագայում փաստացի բնակչով ճշգրիտ հաշվառումը իրատեսական չէ և հարուցում է բազմաթիվ խնդիրներ, իսկ ոչ բնակել տարածքներում քառակուսի մետրերով հաշվարկի սկզբունքն վիճահարույց է: Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում եմ ձևավորել աշխատանքային խումբ, որը կքննարկի գույքահարկի և աղբահանության վճարների հաշվառման և հավաքագրման մեխանիզմները առաջնորդվելով արդյունավետ կառավարման, իրատեսական մեխանիզմների կիրառման և վճարների արդար հաշվարկման սկզբունքների հիման վրա: Առաջարկում եմ որպես ակնկալվող արդյունք ամրագրել հետևյալը. տեղական տուրքերի և վճարների հաշվարկման պարզ և հստակ մեխանիզմների ձևավորում, տեղական տուրքերի և վճարների վճարման հնարավորություն բանկերի, փոստային մասնաճյուղերի, տերմինալների և այլ հանրամատչելի վճարման համակարգերի միջոցով, կանխիկ վճարումների բացառում, վարչական շրջանների եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինների օպտիմալացում և կենտրոնացում քաղաքապետարանի աշխատակազմում: Հայտնում եմ նաև այս ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին մասնակցելու պատրաստակամությունս»,-ասված է Տարոն Մարգարյանին ուղղված դիմումում:

1in.am
27-03-2018 14:01