Հայաստանը միացել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիային

27-03-2018 13:31

Ժնևում մարտի 26-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից: Գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անդամակցությունը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն իր ելույթում շնորհակալություն հայտնելով անդամության հաստատման համար` Ասոցիացիային ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գործունեությունը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջովին անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի և Ազգային ժողովին են փոխանցվում լրացուցիչ գործառույթներ ու պատասխանատվություն: Նրա խոսքով՝ ԱԺ աշխատակազմը բարեփոխվում է` նոր իրողությունների պայմաններում որակյալ և լիարժեք աշխատելու ու զարգանալու համար: «Ասոցիացիային անդամակցությունը ճիշտ ժամանակին է: Մենք համոզված ենք, որ կունենանք մեր գործընկերների աջակցությունը, կկարողանանք ուսումնասիրել և կիրառել նրանց առաջատար փորձը, հատկապես խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդման և արհեստավարժ ժամանակակից վերլուծական ծառայության կայացման ու զարգացման հարցերում»,-ասել է Արա Սաղաթելյանը: Գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ Հայաստանը պատրաստ է կիսել սեփական դրական փորձը՝ սկսած թվային փաստաթղթաշրջանառության ամբողջական տեխնոլոգիաների լիարժեք ներդրումից մինչև թափանցիկության ապահովման միջոցների ու օրենսդրական գործընթացում հանրության ներգրավվում: Արա Սաղաթելյանի խոսքով՝ բարդ և հակասական տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության համար ժողովրդավարությունը հիմնական ներուժ է: Վերջին տասնամյակում Հայաստանում իրականացվել են լայնամասշտաբ ժողովրդավարական բարեփոխումներ, անցկացվել են անթերի խորհրդարանական ընտրություններ և շուտով անցում կկատարվի ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգին: «Զարգացման այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է մեր գործընկերների քաղաքական և փորձագիտական աջակցությունը, ովքեր հասկանում են մեր սկզբունքները և կիսում մեր արժեքային գերակայությունները»,-նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը: Նրա գնահատմամբ՝ այս աջակցությունը մեզ տալիս է անհրաժեշտ ազդակներ ազատությունների ամրապնդման և նոր բարեփոխումների իրականացման համար, որի հիմքում պառլամենտարիզմի և խորհրդարանների զարգացումն է: ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյչեկ Սավիցկին նշել է, որ խորհրդարանների գլխավոր քարտուղարների կառույցն ամենահինն է աշխարհում, մի վայր է, որտեղ հանդիպում են այն մարդիկ, որոնք պատասխանատու են աշխատակազմի գործունեության համար, աջակցում են խորհրդարանականներին, կարող են հանդիպել իրենց գործընկերների հետ, փորձի փոխանակում իրականացնել, համագործակցել: Նրա խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարն ակտիվ մասնակցություն ունենա կառույցի գործունեությանը, որպեսզի նպաստավոր լինի անդամակցությունը: Վոյչեկ Սավիցկին ողջունել է Հայաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովի անդամակցությունն Ասոցիացիային: Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Շվաբն իր խոսքում անդրադարձել է Հայաստան կատարած այցին՝ նշելով, որ իր համար հաճելի էր լինել Հայաստանի խորհրդարանում, հանդիպել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի հետ: Նա կարևորել է այն փաստը, որ Արա Սաղաթելյանն Ասոցիացիայի վարչության կազմում է: «Հաճելի է, որ Հայաստանը դարձել է Ասոցիացիայի անդամ: Դա մեծ քայլ է միջխորհրդարանական համագործակցության զարգացման համար»,-ասել է Ֆիլիպ Շվաբը:

1in.am
27-03-2018 13:31