Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների մարտի 26-ին միջև կայացան հերթական քաղաքական խորհրդակցությունները: Ինչպես տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանյան կողմից խորհրդակցությունները վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, իսկ արցախյան կողմից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմինե Ալեքսանյանը և Ֆելիքս Խաչատրյանը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հատուկ շեշտ դրվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ դիրքորոշումների համաձայնեցման և այդ նպատակով փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի վրա: Կողմերն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին: Մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցերի շուրջ: Խորհրդակցությունների շրջանակներում փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանին ընդունեց նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Նա բարձր գնահատեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը և համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով այն պետք է զարգացնել և խորացնել: Արցախ կատարած այցի ընթացքում փոխարտգործնախարար Հովակիմյանին ընդունեցին նաև Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: