Հրվ. Կովկասում ԱՄՆ առաջնահերթությունը Վրաստանն է. ի՞նչ բաժին կհասնի Հայաստանին

27-03-2018 00:43

ԱՄՆ-ում հանրապետականները և դեմոկրատները համաձայնեցրել են 2018-ի երկրի բյուջեն: Դրանում նախատեսված է մեծացնել ռազմական և պաշտպանական կարիքների ծախսերը: Մարտի 21-ին համաձայնեցված բյուջեի նոր նախագիծը նախատեսում է շուրջ 1․3 տրիլիոն դոլարի ծախսեր: Նոր բյուջեում ռազմական և պաշտպանական ծախսերը 700 մլրդ դոլար են կազմում: Այն ընդլայնվել է 80 մլրդ դոլարով, ինչն էլ դարձել է վերջին 15 տարում այդ տեսակի ծախսերի ամենախոշոր ընդլայնումը: Հանրապետական Փոլ Ռայանը բյուջեն բնութագրել է որպես «ամերիկյան զինվորականների համար նոր դարաշրջանի սկիզբ»: Դեմոկրատ Չաք Շումերը հայտարարել է, որ «բյուջեն համապատասխանում է դեմոկրատների առաջնահերթություններին»: Թե որ երկրին որքան օգնություն կտրամադրվի՝ առայժմ հստակ չէ: Կոնկրետ Հայաստանին տրամադրվելիք օգնության չափը, սակայն, կարող է վկայել մեր մասով ԱՄՆ քաղաքականության և առաջնահերթությունների մասին: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այդ հարցին՝ ընդգծեց. «Եթե լինի ադմինիստրացիայի նախատեսած օգնության չափը, այսինքն՝ 0 Արցախին և 5 միլիոնի չափ Հայաստանին, դա իհարկե կխոսի ադմինիստրացիայի առաջնահերթությունների մասին մեր երկրի ու մեր տարածաշրջանի հետ կապված: Իսկ եթե գումարը ավելի մեծ լինի, և Արցախն այնտեղ լինի, իսկ Հայաստանին տրամադրվող օգնության չափը գոնե նույնը մնա, ինչ այս տարի, դա էլ կխոսի այն մասին, որ ադմինիստրացիայի քաղաքականությունը մեր տարածաշրջանում, ճիշտ է, չի բարձրացել, բայց այստեղ էֆեկտիվ աշխատանք են կատարել մեր լոբբիստական կազմակերպությունները»: Մասնավորեցնելով իր միտքը՝ Սուրեն Սարգսյանն ընդգծեց. «Այսինքն՝ երկու հարց կա՝ ինչքանով են էֆեկտիվ աշխատել հայկական կազմակերպությունները Թրամփի վարչակարգի հետ, և որքանով է այս վարչակարգը առաջնահերթություն տալիս մեր տարածաշրջանին՝ մանավանդ, եթե հաշվի առնենք Վրաստանին ու Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալը»: Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ Միացյալ Նահանգների համար մեր տարածաշրջանում առաջնահերթություն է մնում Վրաստանը. «Վրաստանը Միացյալ Նահանգների դաշնակիցն է ու ամենահուսալի գործընկերը մեր տարածաշրջանում՝ հաշվի առնելով Թուրքիայի ու Միացյալ Նահանգների ներկայիս հարաբերությունները»: Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգների կողմից անկախությունից ի վեր Հայաստանին տրամադրվելիք օգնությունը ԱՄՆ քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է: «Բայց դրա նշանակությունը չպետք է գերագնահատել: Միացյալ Նահանգների կառավարությունը շատ ավելի բազմազան է, քան այդ ֆինանսական օգնությունը, որը, մեծ հաշվով, այդքան էլ մեծ գումար չէ: Կարծում եմ, որ Հայաստան-Միացյալ Նահանգներ համագործակցության և ընդհանրապես այդ հարաբերությունների էությունը շատ ավելի կարևոր ծրագրեր է բնորոշում, քան այդ ֆինանսական օգնությունը: Այնպես որ, ես կարծում եմ, որ ինչ-որ առումով ԱՄՆ-ը կպահպանի տրամադրվելիք օգնությունը Հայաստանին ու Արցախին: Ավելացնեմ նաև, որ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների ողջ ներուժը շատ հեռու է նրանից, ինչ արվում է այսօր, և այդ իմաստով հատկապես հայկական կողմը անելիք ունի»,- եզրափակեց նա:

1in.am
27-03-2018 00:43