Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպանն առաջարկել է փակել թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններից մեկը

27-03-2018 00:20

Թուրքիայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Էրիկ Էդելմանը առաջարկել է փակել ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսություններից մեկը: Դիվանագետի համոզմամբ՝ դա կարող է ծառայել որպես ուղերձ պաշտոնական Անկարային, որը ԱՄՆ նկատմամբ կոշտ դիվանագիտություն է սկսել կիրառել՝ ձերբակալելով ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին: Ինչպես հաղորդում է թուրքական Diken գործակալությունը, այս մասին Էրիկ Էդելմանը խոսել է Brookings Institution թինք-թանքում կազմակերպված քննարկման ժամանակ: «Նախագահ Էրդողանն իր մերձավորների և բարեկամների ձեռքում գտնվում լրատվամիջոցներն օգտագործելով պարբերաբար ԱՄՆ դեմ թշնամանք է հրահրում»,- նշել է նախկին դեսպանը: Նա ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունները շատ հաճախ պարզապես աչք են փակել այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները և օրենքի գերակայության խախտումը, ինչը, նրա համոզմամբ, մեծ սխալ է եղել: Էդելմանն ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն փակի իր տարածքում, օրինակ՝ Լոս Անջելեսում գտնվող Թուրքիայի հյուպատոսություններից մեկը, դա կդիտարկվի որպես ուղերձ պաշտոնական Անկարային:

1in.am
27-03-2018 00:20