Այնպես չէ, որ պետք է խնդրեմ․ Արամ Հարությունյանը դիմել է ճակատին՝ պայքարին միանալու համար, բայց պատասխան չի ստացել

27-03-2018 11:53

«Ես ոչ մի ուժի հետ խնդիր չունեմ և բոլոր քաղաքական ուժերի հետ էլ պատրաստ եմ պայքարել․ տարբեր ուժերի հետ բանակցություններ եղել են և մեզ համար կարևորն այն օրակարգն է, որի շուրջ պետք է համախմբվենք, ինչպես նաև շատ կարևոր է, որպեսզի այդ օրակարգը հստակ լինի և այդ օրակարգից շեղող բաներ չլինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ և հավելեց նաև, որ իր համար կարևորն այն է, որպեսզի պայքարող քաղաքական ուժերը ժողովրդի նկատմամբ լինեն ազնիվ: Արամ Հարությունյանը բանակցել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամների հետ՝ նրանց պայքարին միանալու համար, սակայն Հարությունյանի տեղեկացմամբ՝ որևէ հստակ պատասխան նրանց կողմից չի ստացել: «Մենք պատրաստակամություն հայտնել ենք նրանց հետ համագործակցելու, իրենք իմ հեռախոսահամարը վերցրել են և այնպես չէ, որ ես նրանց պետք է խնդրեմ կամ նրանք ինձ պետք է խնդրեն, ոչ այդպիսի խնդիր չկա: Կրկնում եմ, որ մեզ համար կարևորն այս պայքարի օրակարգն է և այն ուժերը, որոնք անկեղծ են օրակարգի հետ կապված և իմիտացիայի գործընթացում չկան, ապա բնական է, որ պետք է համախմբվենք, որպեսզի չլինի այն տարբերակը, ինչպես էլեկտրիկ Երևանի ժամանակ եղավ՝ կաթսան եռաց-եռաց, բայց հետո թողեցին-գնացին տուն»,- ասաց Հարությունյանը: Վերջինիս խոսքերով՝ ինքը Սերժ Սարգսյանը վարչապետության դեմ անգամ միայնակ պայքարելու խնդիր չի տեսնում՝ ապրիլի 9-ից կսկսի հացադուլ անել: Իսկ բացի հացադուլից այլ ինչ քայլերի է պատրաստ դիմել, Արամ Հարությունյանը դեռևս չի մանրամասնում: Նշում է՝ պետք չէ ժամանակից շուտ բոլոր խաղաքարտերը բացել: Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am
27-03-2018 11:53