Մարզպետարանը գնահատում է քամիների պատճառած վնասների նախնական չափերը

27-03-2018 14:53

Արտակարգ իրավիճակների հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովը Գեղարքունիքի մարզում գնահատել է մարտի 23-24-ին գրանցված ուժեղ քամիների պատճառած վնասների հնարավոր եւ նախնական չափերը: Ինչպես տեղեկացրեց Հանձնաժողովի անդամ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, մարտի 23-24-ին գրանցված քամիները որոշակի վնասներ են պատճառել մարզի գյուղերի ու քաղաքների ֆիզիկական և իրավաբանական անձանց շենք-շինություններին: Քամուց վնասվել են առանձնատան տանիք և ավտոմեքենա՝ Վարդաձորում, միջնակարգ դպրոցների տանիքներ՝ Ծովինարում եւ Կարճաղբյուրում, օժանդակ շինություններ եւ առանձնատան տանիքներ՝ Երանոսում, Վաղաշենում, Զովաբերում, Ծովագյուղում, Գեղամավանում, Դդմաշենում, Լճավանում, Մեծ Մասրիկում, Ծովակում, Նորակերտում, Ձորավանքում: Անասնագոմերի տանիքներ են վնասվել Մարտունի, Աղբերք, Շողակաթ, Նորաբակ, գյուղերում: Գավառ քաղաքում վնասվել է բազմաբնակարան մեկ շենքի տանիք, Վարդենիս քաղաքում՝ ջերմոցային տնտեսություն: Նախնական հաշվարկներով՝ մարզի տնտեսություններին պատճառվել է շուրջ 11 միլիոն 847 հազար դրամի վնաս: «Տեղերում աշխատել են մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հանձնաժողովները: Գնահատվել են վնասների հնարավոր և նախնական չափերը: Վնասների փոխհատուցման եւ բնական աղետի հետևանքների վերացման նպատակով Գեղարքունիքի մարզպետը գրությամբ դիմելու է ՀՀ կառավարություն»,-իրավիճակը ներկայացրեց Արմեն Զոհրաբյանը:

1in.am
27-03-2018 14:53