Քաղաքականությունն ու հանրությունը վրեժ են լուծում. Նոր իրավիճակ

29-03-2018 22:30

Հարթակ հաղորդաշարի հյուրը ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ զրուցել է Հայաստանի ներքին քաղաքական դաշտում ծավալվող իրադարձությունների, հեռանկարների, խորքային խնդիրների եւ միջազգային զարգացումների մասին: Մանվել Սարգսյանը դրական է համարում, որ Սերժ Սարգսյանի վարչապետությանը դեմ հանդես եկող քաղաքացիները դուրս են գալիս իրենց դիրքորոշումը հրապարակում արտահայտելու, սակայն նա համարում է, որ չկա խնդրի հստակ եւ ամբողջական, դիպուկ ձեւակերպում, իսկ հանրությունը ներկայում զարգացումներին նայում է խիստ ռացիոնալ ու պրագմատիկ, այլեւս չի կարելի հանրությանը խաբել պարզունակ լոզունգներով: Ըստ այդմ, Մանվել Սարգսյանը համարում է, որ եթե խնդիրը հստակ ու ամբողջական ձեւակերպված չէ, հանրությունը չի հավատա պայքարի մասին հայտարարություններին, չի հավատա պայքարողներին: Մանվել Սարգսյանը ներկայացնում է, թե որն է Հայաստանի բուն խնդիրը, ինչքանով է իշխող համակարգի կայունությունը եւ գոյությունը կախված Սերժ Սարգսյանից, իսկ ինչքանով է այդ ամենը հիմնված տասնյակ հազար «համաձայնների» այսպես ասած դաշինքի վրա: Ըստ Սարգսյանի, հենց դա փոխելու խնդիրն է առանցքայինը, երբ խոսքը համակարգային փոփոխության մասին է, որովհետեւ «համաձայնները», որ դաշնակցում են մորթապաշտության եւ նյութական շահի շուրջ, այսօր Սերժ Սարգսյանին են «համաձայն», վաղը «համաձայն» կլինեն ուրիշին: Պետք է փոխել մտածողություն, որպեզի փոխվի համակարգն ու իրավիճակը: Իսկ ինճպես փոխել մտածողություն: Մանվել Սարգսյանը բերում է արցախյան շարժման, նաեւ այլ երկրներում հանրային գործողությունների այլ օրինակներ: Միաժամանակ, նա խոսում է որակապես, մեթոդապես այլ շարժումների մասին, որոնք Հայաստանում եղել են, սակայն չեն ունեցել ռեֆլեքսիա: Ինչու, ինչ պատճառով: Մանվել Սարգսյանը նշում է, որ Հայաստանի ներկայիս իրողությունների վրա շատ մեծ է նաեւ միջազգային իրադրության ազդեցությունը, որտեղ նույնպես լիովին նոր իրավիճակ է: Ինչպիսի՞ն է այդ իրավիճակը եւ ինչպես է այն ազդում Հայաստանի վրա, հանրային մտածողության մեջ ի՞նչ խնդիրներ կան այդ առումով, երբ մարդկանց տարիներ շարունակ վարժեցրել են մտքի, թե աշխարհը մեզ վրա միայն մատ է թափ տալիս եւ չի կարող լինել շահընկեր: Մանվել Սարգսյանն անդրադարձել է այդ հարցերին եւ այդ համատեքստում բերել ՀՀՇ-ՀՅԴ դիմակայության օրինակը, որը գործնականում նույն փիլիսոփայության պարզապես տարբեր եզրահանգումների դիմակայությունն էր: Մինչդեռ կա այլ փիլիսոփայության եւ աշխարհընկալման կարիք, եւ այստեղ գրեթե քառորդ դար առաջացել է մեծ բաց, որը գոնե այժմ պետք է լրացնել, պետք է քաղաքական միտք գեներացնել, ասում է Մանվել Սարգսյանը: Մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում

Lragir.am
29-03-2018 22:30