Բոլորը երդվել են, եւ Սերժ Սարգսյանը փակել է թեման. Փակագծից դուրս

05-04-2018 23:18

Հարթակ հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ զրուցել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, առկա զարգացումների, մասնավորապես ընդդիմության դաշտում սրված ինտրիգների մասին, որ հատկապես ծավալվում են ԵԼՔ դաշինքում:  Ստեփան Սաֆարյանը ասել է, թե ինչու է ԵԼՔ-ը կանգնել առկա իրավիճակի առաջ եւ ինչու էր այդ իրավիճակը դաշինքի դեպքում անխուսափելի: Սաֆարյանը բացել է որոշակի փակագծեր, ասելով, թե ինչու էր ԵԼՔ-ն իշխանության համար նպատակահարմար խորհրդարանում հայտնվելու տեսանկյունից եւ թե ինչու է ԵԼՔ-ն իշխանության համար այժմ դարձել ոչ անհրաժեշտ միավոր:  Ստեփան Սաֆարյանը անդրադարձել է նաեւ ներկայում Սարգսյանի վարչապետության դեմ հրապարակային պայքարի հեռանկարին, ասելով, որ առավել կանխատեսելի է այդ ամենի ձախողումը, քանի որ նախ հանրության համար հստակ չեն նպատակներն ու քայլերը եւ ըստ այդմ չկա հանրային մեծ աջակցություն, եւ բացի այդ էլ ընդդիմադիր ուժերը սխալը սկսել են դեռեւս Սահմանադրության փոփոխությունից, եւ հնարավոր չէ հաղթել, եթե տանուլ են տրվել առաջին եւ երկրորդ պարտիաները՝ ներառյալ խորհրդարանի ընտրությունը:  Ստեփան Սաֆարյանը ծավալվող զարգացումների համատեքստում անդրադարձել է նաեւ արտաքին գործոնների ազդեցությանը եւ կարծիք հայտնել, թե արտաքին որ ուժային կենտրոններին կարող է ձեռնտու լինել Հայաստանում արմատական տրամադրությունների թարմացումը:  Ստեփան Սաֆարյանի խոսքով, Սերժ Սարգսյանը իր քայլերը եւ հաշվարկը պլանավորած իրագործում է դեռեւս 2013 թվականից եւ լուրջ չի լինի մտածել, թե 15 օրում հնարավոր է խափանել դրանք: Նրա խոսքով, Սարգսյանի «անփոխարինելիության» մասին ՀՀԿ-ականների հավաստիացումները ունեն մի ուշագրավ նրբություն եւ Սարգսյանին հավատարմության երդումը տվել են, ու նա արդեն իսկ փակել է թեման: Թե որն է այն, ու այլ մանրամասներ՝ դիտեք հաղորդման տեսագրությունում:

Lragir.am
05-04-2018 23:18