Թումանյան փողոցում տղամարդը ատրճանակով կրակոցներ է արձակել աղջիկների ուղղությամբ. նոր մանրամասներ

07-04-2018 12:40

Ոստիկանության լրատվական ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել ապրիլի 2-ին Երևանի Թումանյան փողոցում տղամարդու կողմից աղջիկների ուղղությամբ կրակելու դեպքով: Ըստ հաղորդման` Երևանի Թումանյան փողոցով անցնող մի տղամարդ ուսով դիպել է  երիտասարդ աղջիկներին: Աղջիկները հանդիմանել են նրան միտումնավոր հարվածելու համար, նա էլ հանել է իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակը և կրակել աղջիկների ուղղությամբ: Կրակոցները միայն թեթև ու միջին ծանրության վնասվածքներ են հասցրել աղջիկներին: Նույն պահին աղջիկները մոտեցել են ծառայություն իրականացնող պարեկապահակային և ճանապարհային ոստիկաններին, ովքեր տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Պարզվել է, որ այդ տղամարդն Ավանի բնակիչ 24-ամյա Վլադիմիր Պողոսյանն է եղել: Նրա մոտ հայտնաբերվել է օդաճնշիչ «Beretta» տեսակի ատրճանակ: Նախնական տվյալներով` Պողոսյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել՝ դիտավորյալ խախտելով հասարակական կարգը: Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

Lragir.am
07-04-2018 12:40