Հայաստանը դառնալու է օրինակ, իսկ Կրեմլը հասկացավ հարթակի մեսիջը

04-05-2018 20:58

Հարթակ հաղորդման հյուրը քաղաքագետ Էդգար Վարդանյանն է, որի հետ Հակոբ Բադալյանը զրուցել է Հայաստանում ծավալվող իրադարձությունների մասին: Էդգար Վարդանյանը ներկայացրել է իր մեկնաբանությունը, թե ինչու Հայաստանում հնարավոր եղավ քաղաքացիական զանգվածային շարժման միջոցով հասնել իշխանության փաստացի փոփոխության: Ի՞նչ կատարվեց այս անգամ, որ չկար նախորդ զանգվածային շարժումների պարագայում, ինչն էլ առանձնահատկությունն ու հաջողության գրավականը: Էդգար Վարդանյանը ներկայացրել է մանրամասներ, որոնք հուշում են տեղի ունեցածում առկա նորարարությունների, նոր բաղադրիչների, հաջողությունը գրեթե անխուսափելի դարձրած գործոնների մասին, թե հանրային պահվածքում, թե այդ ամենի հանդեպ իշխանության վարքագծում: Էդգար Վարդանյանն անդրադարձել է նաեւ մայիսի 8-ի վարչապետի քվեարկությանը, ասելով, թե ինչու է գրեթե անհավանական, որ Հանրապետական կուսակցությունն այս անգամ էլ տապալի քվեարկությունը, շեղվելով նախապես արած հայտարարություններից: Վարդանյանի կարծիքով, ՀՀԿ-ն դրանով միայն ավելի կբարդացնի իր դրությունը: Միաժամանակ, քաղաքագետը որոշակի կանխատեսում է արել այդ կուսակցության խորհրդարանական ապագայի վերաբերյալ, ասելով նաեւ, թե Նիկոլ Փաշինյանի համար կձեւավորվի փաստացի նոր մեծամասնություն, իսկ ՀՀԿ-ն կդառնա ընդդիմություն: Վարդանյանը խոսել է նաեւ այն մասին, թե ինչ կանեն օլիգարխիայի ներկայացուցիչները, նաեւ այն մասին, թե ինչ պետք է անի նրանց հետ թավշյա հեղափոխությունը: Քաղաքագետն անդրադարձել է նաեւ արտաքին արձագանքներին եւ մասնավորապես Ռուսաստանի դիրքորոշմանը, ասելով, որ Կրեմլը տեսնելով Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ հանրային լեգիտիմության բացակայությունը, չփորձեց միջամտել իրադարձություններին՝ նաեւ հասկանալով արտաքին վեկտորի փոփոխությունը բացառելու մասին հարթակից ստացված մեսիջները: Բայց, քաղաքագետը կարծում է, որ Կրեմլի մոտ կարող է դժգոհություն առաջանալ, եթե Հայաստանի նոր իշխանությունը սկսի հավասարը հավասարի հետ գործակցելու մոտեցումը, ինչի մասին եւս հայտարարվել է: Մյուս կողմից, Վարդանյանի խոսքով, Մոսկվան ստիպված է նաեւ հաշվի նստել իր ներսում բավական բարդ տնտեսա-քաղաքական իրողությունների հետ եւ ըստ այդմ նաեւ հաշվի առնել հայաստանյան իրողություններն ու այստեղ ավելորդ գլխացավանք չունենալու անհրաժեշտությունը: Թեմաների մասին մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում  

Lragir.am
04-05-2018 20:58