Օլիգարխիան համաձայն է. թող իրենք էլ գրեն նոր օրենքը

10-05-2018 19:55

Հարթակ հաղորդման հյուրը տնտեսագետ Սուրեն Սահակյանն է, որի հետ Հակոբ Բադալյանը զրուցել է Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին, հասարակական-քաղաքական զարգացումների, թավշյա հեղափոխության նոր փուլի եւ արձանագրած հաջողությունների մասին: Սուրեն Սահակյանը կարծում է, որ հասարակական վերելքն ու հաջողությունն ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ է երեք կարեւորագույն օրենսդրական փոփոխությամբ հասնել համակարգային վերափոխման՝ Կուսակցությունների մասին օրենք, կառավարման համակարգի դեկապիտալիզացիայի մասին օրենք եւ նոր Ընտրական օրենսգիրք: Սահակյանի խոսքով, առանցքայինն այստեղ դեկապիտալիզացիայի եւ կուսակցությունների մասին օրենքներն են, որոնք թույլ կտան ստեղծել խաղի նոր կանոններ եւ կկատարեն հանրության ու օլիգարխիայի միջեւ խաղաղության համաձայնագրի դեր: Ըստ նրա, այդպիսով անհրաժեշտ է ապահովել սեփականության պաշտպանություն, միեւնույն ժամանակ նաեւ դրա դիմաց հանրային յուրացված ռեսուրսների վերադարձ հասարակությանը, ու այդ պայմանավորվածության հիմքով ստեղծել նոր իրավիճակ, երբ օլիգարխիան պաշտպանված կլինի արդեն օրենքով եւ չի ունենա իշխանությամբ պաշտպանվելու անհրաժեշտություն: Ի՞նչը կարող է լինել համակարգային այդ երեք կարեւոր օրենքների ընդունման գործընթացի խոչընդոտ, արդյոք կարող է դիմադրել օլիգարխիան: Սուրեն Սահակյանը կարծում է, որ դիմադրողներ գուցե կլինեն, սակայն ընդհանուր առմամբ օլիգարխիան չի կարող հաշվի չառնել, որ հասարակությունն ամենեւին նախկինը չէ, եւ վաղ թե ուշ լուրջ խնդիրներից խուսափելու տարբերակը հանրության հետ խաղաղության դաշնագիրն է այդ օրենսդրական լուծումների տեսքով: Սուրեն Սահակյանը կարծում է, որ օլիգարխիան պատրաստ է դրան եւ նույնիսկ հենց օլիգարխներն էլ, որ այսօր խորհրդարանում են, կարող են գրել նոր օրենքը, թե ինչպիսի երաշխիքներ են ուզում իշխանությունը թողնելու դիմաց: Սահակյանը ուշադրություն է հրավիրում հանգամանքին, որ խնդրի մասին խոսել են թե Ծառուկյան դաշինքի պատգամավորներ, թե նաեւ հատկանշական է՝ ՀՀԿ ո՞ր պատգամավորներն են քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին մայիսի 8-ին: Սուրեն Սահակյանի անդրադարձի այլ մանրամասներ՝ արտահերթ ընտրությունների, դրանց ժամանակացույցի, նաեւ փոքրամասնության վարչապետի ընթացիկ գործունեության, ոստիկանությունը ռեֆորմացնելու անհրաժեշտության մասին՝ հաղորդման տեսագրությունում

Lragir.am
10-05-2018 19:55