Ժողովրդի հաղթանակից սարսափածները. Որն է օլիգարխիայի հույսը

21-05-2018 17:50

Հարթակի հյուրը ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ զրուցել է Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, որում ավելի ու ավելի հաճախ խոսում են հակահեղափոխության, անկառավարելիության վանգի մասին: Կա՞ այդ վտանգը, որքանո՞վ է այն իրական, թե՞ կան մարդիկ, որոնք պարզապես փորձում են հանրությանը վախեցնել իր իսկ հաղթանակով: Մանվել Սարգսյանի կարծիքով, կան ժողովրդի հաղթանակից սարսափածներ, որոնք դա համարում էին անհնար եւ հիմա փորձում են «ապացուցել», որ իրականում տեղի ունեցածը այլ բան է, ժողովրդի հաղթանակ չէ եւ այլն: Մանվել Սարգսյանի խոսքով, իրականում տեղի են ունեցել հիմնարար վերափոխումներ, եւ մարդիկ, ժողովուրդը չի թողնի այս օրերին իր ձեռք բերածը հենց այնպես, ըստ այդմ հարց է առաջանում, թե ո՞րն է նախկին իրավիճակին վերադառնալ սպասողների, ապօրինի հարստացածների, տարբեր կլանների հույսը, որոնք հայտնվել են փոքրամասնության մեջ: Ըստ քաղաքագետի, խնդիրը շատ պարզ է՝ պետք է տեղի ունենան համակարգային փոփոխություններ, որոնք նախ կտարանջատեն բիզնեսը քաղաքականությունից, կուսակցությունները կդարձնեն իրապես քաղաքական կառույցներ, որ հասարակությունը ունենա այլեւս որակապես այլ ընտրություն, այլ քաղաքական գործընթաց: Նրա խոսքով, օլիգարխիան իշխանության ձգտում էր պարզ պատճառով՝ պահպանել ապօրինի կուտակածը եւ ավելացնել: Ըստ նրա, խնդիրն ըստ այդմ սեփականության անձեռնմխելիության երաշխիքներն են, որոնք ստանալու դեպքում այդ մարդիկ այլեւս չեն ունենա իշխանության ձգտում, քաղաքականության մեջ լինելու անհրաժեշտություն: Մանվել Սարգսյանի խոսքով, պետք է հանրությանն ընդառաջ գնալ եւ համաձայնել խաղի կանոնների փոփոխությանը, միաժամանակ վերադարձնելով պետությունից ու հանրությունից յուրացվածը եւ դրա դիմաց ստանալ նաեւ սեփականության օրենսդրական պաշտպանության մեխանիզմներ: Քաղաքագետի խոսքով, հարցն այդ ամենը գիտակցելն է եւ ըստ այդմ հանրության, ներկայիս փուլի խնդիրն է խոսել այդ մասին, հասցնել այդ պարզ եւ կարեւոր իրողությունները այդ մարդկանց եւ դուրս գալ պետականության զարգացման նոր որակի, օգտագործել պատմական հնարավորությունը: Ըստ նրա, այժմ պետական կառավարման բոլոր թեւերը ստացել են ակամա ազատություն, ինչը հիանալի հնարավորություն է հանրային համաձայնության եւ որակապես նոր խաղի կանոնների շուրջ պայմանավորվածության գալու, այդ ամենը օրենսդրորեն ամրագրելու համար: Քաղաքագետի հետ Հակոբ Բադալյանը խոսել է նաեւ պետականության կարեւորագույն մեկ այլ՝ Արցախի խնդրում հնարավորություններից, հաշվի առնելով նոր իրավիճակը: Ըստ քաղաքագետի, այդ հարցում տեղի է ունեցել մի քանի վտանգավոր միֆերի փլուզում, եւ այժմ կա հայկական կողմի դիրքերը էապես բարելավելու, լիովին նոր իրավա-քաղաքական դիրք դուրս գալու շանս: Գիտակցու՞մ է դա նոր իշխանությունը, պատրա՞ստ է դրան օրինակ նոր արտգործնախարարը, հարցնում է Մանվել Սարգսյանը, ասելով, որ օրինակ Արցախի արտգործնախարարը պատրաստ է եւ ինքը կարող է ասել դա, իսկ ահա Հայաստանի նոր արտգործնախարարի մասով դեռ պարզ չէ: Ամեն ինչ կախված է դրանից, ասում է Մանվել Սարգսյանը, հայտարարելով, որ Հայաստանը պետք է չբանակցի մադրիդյան սկզբունքների շուրջ, դա պետք է անի Արցախը, դրանք Արցախին ու Ադրբեջանին վերաբերող հարցեր են, իսկ Հայաստանը պետք է գործընթացին մասնակցի միայն որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ինչը կարգավիճակ է, որ ճանաչել է աշխարհը: Զրույցի մնացյալ մանրամասները՝ ներքին վիճակի, քաղբանտարկյալների ազատ արձակման, մասնավորապես Սասնա ծռերին առնչվող հարցերի մասին՝ հաղորդման տեսագրությունում

Lragir.am
21-05-2018 17:50