Օլիգարխները կարող էին դա անել, ինչու՞ չարեցին

05-06-2018 22:55

Հարթակ հաղորդման հյուրը տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն է: Հակոբ Բադալյանի հետ զրույցում նա անդրադարձել է Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարության գործունեության տնտեսական ուղղությանը: Մեսրոպ Առաքելյանի խոսքով, կառավարության նոր ծրագիրը, որ օրերս կներկայացվի ԱԺ, ըստ էության արտացոլում է հեղափոխության ընթացքում հռչակված սոցիալ-տնտեսական նպատակներն ու դրանց իրականացումը: Ըստ նրա, իհարկե հնարավոր չի լինելու ամեն ինչ անել միանգամից եւ արագ: Մյուս կողմից, ինչպես կարծում է տնտեսագետը, հանրությունը առաջնորդվում է հեռանկարով, ու եթե տեսնի հեռանկար, վստահի կառավարությանը, տեսնի կոնկրետ քայլեր երկրում իրավիճակ փոխելու ուղղությամբ, այլ կերպ կընկալի ներկան: Տնտեսագետն անդրադարձել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին, ի պատասխան հարցի, թե արդյոք կոռուպցիոն սխեմաների ապամոնտաժումը չի հանգեցնի որոշակի թեկուզ կարճաժամկետ տնտեսական անկման կամ բացասական «էֆեկտների», առավել եւս, որ տեղի ունեցավ գնաճի փորձ, օլիգարխներից ոմանք հայտարարել են, թե բոլոր աշխատողներին գրանցելու դեպքում ձեռնտու չի լինի աշխատատեղ ստեղծելը եւ այլն: Մեսրոպ Առաքելյանը նշում է, որ իհարկե այդ խնդիրները կարող են առկա լինել, սակայն համենայն դեպս խոշորների մասով դրանք չափազանցված են: Ըստ նրա, եթե օրինական դաշտում աշխատելը այդպես ձեռնտու չէ, ապա ինչու՞ օլիգարխիան չէր փոխում այդ օրենսդրությունը եւ չէր ստեղծում ձեռնտու օրենքներ, եթե ուներ բոլոր հնարավորությունը եւ ամեն ինչ, այդ թվում քաղաքական մեծամասնությունն իրենց ձեռքին էր: Ըստ Մեսրոպ Առաքելյանի, հարկերից խուսափելը բերել է գերշահույթների եւ հիմա բոլոր հարկերը վճարելու դեպքում նրանք պարզապես կարող են գործել նորմալ շահույթի դաշտում: Մյուս կողմից, նա նշում է, որ կառավարությունը պետք է քայլեր կատարի փոքր ու միջին բիզնեսի խթանման, տնտեսվարման համար բարենպաստ պայմանների ստեղծման, մրցունակության ապահովման համար: Տնտեսագետը նաեւ անդրադարձել է կառավարության խնայողության խնդրին, օրինակ ծառայողական մեքենաների մասով, առաջարկելով, որ ծառայական մեքենաների հարցը դիտարկվի ոչ թե ըստ պաշտոնների, այլ ըստ գործառույթների, որովհետեւ մի նախարարության դեպքում կարող է պարզվել, որ անգամ նախարարին ծառայական մեքենա պետք չէ, իսկ մեկ այլ նախարարության դեպքում կարող է պարզվել, որ մեքենա պետք է նաեւ վարչության որեւէ պետի: Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է նաեւ Հայաստանում երկու ոլորտի գնագոյացման խնդիրներին, որոնք մշտապես եղել են նախկինում թե ընդդիմության քննադատության առարկան, թե հանրության դժգոհության ու հարցերի տեղիք՝ գազի եւ բենզինի շուկաներ: Ինչպիսին է այստեղ գնագոյացումը, որն է ստվերը կամ մենաշնորհը, ինչ պետք է անի պետությունը, որպեսզի քաղաքացին վստահի եւ համոզված լինի, որ գնի հարցում իրեն չեն խաբում: Մեսրոպ Առաքելյանի մանրամասն գնահատականն ու կարծիքը նաեւ այդ հարցերի վերաբերյալ հաղորդման տեսագրությունում

Lragir.am
05-06-2018 22:55