Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում աջակցում է պատասխանատու հանքարդյունաբերությանը

07-06-2018 12:26

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը վստահ է, որ պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային չափորոշիչները և մի շարք այլ ռազմավարական պահանջներ կարող են կիրառվել նաև Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում: Դա հնարավորություն կստեղծի ավելի կայուն և թափանցիկ հանքարդյունաբերության կազմակերպման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԱԱՊ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ աջակցում է պատասխանատու հանքարդյունաբերությանը: «ՀԱԱՊ-ը կիսում է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում համարժեք բնապահպանական կառավարման չափանիշների բացակայութան մտահոգությունը, միաժամանակ վստահ լինելով, որ վերջին տասնամյակներում ոլորտն աշխարհում լրջորեն անդրադարձել է հանքարդյունաբերությունում բնապահպանական և սոցիալական կառավարման խնդիրներին, առաջարկելով մի շարք ինստիտուցիոնալ լուծումներ: Այս առումով այն վստահ է, որ պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային չափորոշիչները, օրինակ՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կատարողականի չափանիշները, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կատարողականի պահանջները, հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) ստանդարտները և մի շարք այլ ռազմավարական պահանջներ կարող են կիրառվել նաև Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում: Այս քայլով Հայաստանում զգալիորեն կբարձրանա պատասխանատվության նշաձողը ոլորտում: ՀԱԱՊ-ի անդամ կազմակերպությունները՝ օրինակ «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ծրագրում, արդեն իսկ որպես նշաձող հետևում է այս չափանիշներին և սա կարող է օրինակ դառնալ ոլորտում հավասար չափանիշների կիրառման համար: Բիզնեսում որպես հավասար պայմանների և արդար մրցակցության աջակից՝ ՀԱԱՊ-ը վստահ է, որ հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին, որը հնարավորություն կստեղծի ավելի կայուն և թափանցիկ հանքարդյունաբերության կազմակերպման համար՝ ի նպաստ մեր երկրի: Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) ամենամեծ բիզնես կազմակերպությունն է տարբեր ոլորտներից ավելի քան 120 անդամ ընկերություններով: ՀԱԱՊ-ը գործում է 2000 թվականից՝ որպես անկախ և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն: ՀԱԱՊ-ը պատիվ ունի աշխատել ԱՄՆ դեսպանության հետ, որը նույնպես հանդիսանում է վերջինիս տնօրենների խորհրդի անդամ: Լոբբիստական գործունեության միջոցով ՀԱԱՊ-ը տարբեր ոլորտներում ներկայացնում և պաշտպանում է իր անդամ կազմակերպությունների շահերը Հայաստանի կառավարությանը, միջազգային կազմակերպություններին և ավելի լայն բիզնես շրջանակներին: Կայուն զարգացող բիզնեսները, որոնք սերտորեն առնչվում են առողջ տնտեսական, սոցիալական և բնապահպանական համակարգերի հետ, կարող են ստեղծել կայուն տնտեսական արժեք և լուրջ ներդրում ունենալ առողջ էկոհամակարգերի և ամուր համայնքների ստեղծման մեջ: Այս առումով ՀԱԱՊ-ը հավատարիմ է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող իր բոլոր անդամ կազմակերպությունների համար առողջ բիզնես և ներդրումային միջավայրի ապահովումն աջակցելու առաքելությանը: Հայաստանի անդամակցությունը Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնությանը, որին ՀԱԱՊ-ը աջակցել է, արդեն իսկ հնարավորություն է ընձեռում ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության համար: Այդուհանդերձ, ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ավելին»,-նշված է ՀԱԱՊ հաղորդագրության մեջ:

Lragir.am
07-06-2018 12:26