Արցախի խորհրդարանի պատգամավորը դուրս է եկել նախկին պետնախարարի կուսակցությունից

07-06-2018 13:09

Արցախի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը հայտարարել է, որ դուրս է գալիս «Ազատ Հայրենիք» կուսակցությունից և խմբակցությունից: Նրա տարածած հայտարարությունում նշված է. «Սիրելի ՛ արցախցիներ, կուսակից ընկերներ, Երկար մտորումներից հետո, այսօր ես որոշում եմ կայացրել դուրս գալ «Ազատ Հայրենիք» կուսակցությունից և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցությունից` պետական շահը վեր դասելով կուսակցական շահից: Մանդատս վայր չեմ դնում մի պարզ պատճառով. մասնակցելով ԱԺ ընտրություններին ես ունեցել եմ և ունեմ իմ հետևորդները, որոնց հուսախաբ անելու իրավունք չունեմ: Հավելեմ նաև, որ «Ազատ Հայրենիք» կուսակցության քվոտաների միջոցով Աժ-ում զբաղեցրածս Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ևս պատրաստ եմ հրաժարվել, եթե «Հայրենիք» խմբակցությունը նման պահանջ դնի: Կուսակցության և խմբակցության կազմից դուրս գալուս հիմնական պատճառը «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի` պետնախարարի պաշտոնից հրաժարական տարու վերաբերյալ անհամաձայնությունս է: Հրաժարական, որ չի եղել Արցախում ծավալված երիտասարդական շարժման պահանջների հիմքում, դեռ ավելին` այդ շարժման մասնակիցների շրջանում վայելել է մեծ հեղինակություն և, ի վերջո` հրաժարական, որը չի քննարկվել կուսակցությունում: Թող խաղաղությունը թևածի մեր հայրենիքում, և հաղթի ողջախոհությունն և պետականամետ մտածելակերպը»:  

Lragir.am
07-06-2018 13:09