Նախարար Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

09-06-2018 15:10

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանին: Շնորհավորելով Արագած Սաղաթելյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Պապիկյանն անդրադարձ է կատարել երկրում հաստատված հեղափոխական մթնոլորտին և ասել, որ ստեղծվել է աննախադեպ հնարավորություն՝ թոթափել դժգոհությունները և վանել արմատացած անօրինականությունը, անհավասարությունը, անհանդուրժողականությունը: Նախարարը նաև ավելացրել է, որ պետության մեջ ծավալվող փոփոխությունների ազդակը հանրությունը պետք է զգա ոչ միայն  կենտրոնական գործադիր իշխանությունից, այլև տեղերում աշխատող պաշտոնյաների արդարացի և անկողմնակալ գործելաոճից: «Այս համատեքստում,- նշել է Սուրեն Պապիկյանը,- շատ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը և այդ ինքնուրույնության գրավական հանդիսացող հանրային վստահությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է հաղորդակից լինել մարդկանց խնդիրներին և թափանցիկ ու անմիջական աշխատել նրանց հետ»: Սուրեն Պապիկյանը, ընդգծելով հանրության շրջանում իշխանության հանդեպ աննախադեպ բարձր վստահության մակարդակը և դրանից բխող սպասելիքները, ասել է, որ այդ սպասելիքները իրական և ամբողջական կդառնան, երբ տարբեր մակարդակներում գործող իշխանության ներկայացուցիչներն  աշխատեն բացառապես օրինականության և սահմանադրությամբ իրենց վերապահված իրավասությունների դաշտում: Նախարարը նաև առանձնահատուկ կարևորել է համայնքի ղեկավարի և ավագանու իրավահավասար փոխհարաբերությունների նոր մշակույթի հաստատումը և հավելել, որ այն իր ամբողջության մեջ պետք է բովանդակի ժողովրդի վստահության արտացոլումը: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՏԿԶ նախարարության կողմից մշակվող օտարման ենթակա համայնքային հողային ֆոնդը և գույքը մեկ միասնական էլետրոնային հարթակում միավորելու գաղափարը, անդրադարձել մարզպետարանների կողմից պատրաստի բիզնես-ծրագրերի փաթեթներ ունենալու վարչապետի հանձնարարականին՝ այդ աշխատանքում ընդգծելով մարզպետարան-համայնքներ փոխհամաձայնեցված գործունեությունը:  Ավարտին նախարարը ևս մեկ անգամ ներկաներին հորդորել է ականջալուր լինել հանրության խնդիրներին ու պահանջներին և արձանագրել, որ իրավական Հայաստան ունենալու համար ներկաներից յուրաքանչյուրը պարտավոր է լինել դրա կրողը և օրինակը հանրության համար: Նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը վստահության համար և հավաստիացրել, որ համատեղ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ կկարողանան լուծել վայոցձորցիների առջև ծառացած խնդիրները:

Lragir.am
09-06-2018 15:10