Ոստիկանությունը 20 մլն դրամ է վերադարձրել պետությանը

09-06-2018 19:22

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները յուրացման հերթական դեպքն են բացահայտել: Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017 թվականի մայիսին Բիգ էներգո ընկերության և Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության նախկին տնօրինության միջև պայամանագիր է կնքվել, ըստ որի՝ Բիգ Էներգո ընկերությունը 200 օրվա ընթացքում պետք է ալյումինե փոշիով երկշերտ ներկման աշխատանքներ կատարեր՝ ներկելով 134 հատ մետաղական հենարան: Ներկման աշխատանքների գումարը 94.700.000 դրամ է: Աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն պետք է իրականացներ Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության համապատասխան պաշտոնատար անձինք: Պայմանագրով նախատեսված աշխատանքների ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք անբարեխիղճ են կատարել իրենց պարտականությունները: Արդյունքում՝ Բիգ Էներգո ընկերության տնօրինությունը, աշխատանքների կատարման համար նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, կազմել է աշխատանքների ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնք ստորագրել են նաև աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող պաշտոնատար անձինք: Այսպիսով, Բիգ Էներգո ընկերությունը յուրացման միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 20.000.000 դրամ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները բացատրական աշխատանքներ են իրականացրել Բիգ էներգո ընկերության տնօրինության հետ, ինչի արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը: Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են քննչական կոմիտե՝ հետագա քննության, տեղեկացնում են ոստիկանությունից:

Lragir.am
09-06-2018 19:22