Եթե կոռուպցիայի դեմ պայքարում փող պետք չէ, այն կարելի է ուղղել այլ ոլորտներ

Եվրամիության հետ համաձայնագրի իրագործման համար Հայաստանի կառավարությունը շատ հստակ ճանապարհային քարտեզ և այլ փաստաթղթեր պետք է մշակի, որպեսզի ժամանակին տրամադրվի նաև ֆինանսական աջակցությունը: Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ, Եվրամիության արևելյան գործընկերության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը: «Հիմա, կարծում եմ, մեր կառավարության հիմնական խնդիրը դա պետք է լինի հնարավորինս հստակեցնելու այն ծրագրերը, որոնք համատեղ պետք է իրականացվեն: Եվ այդ ծրագրերը պետք է ներկայացնեն Եվրամիություն, որպեսզի հավանություն ստանան, որպեսզի անհրաժեշտ աջակցությունը ժամանակին տեղ հասնի»,- ասաց նա: Նշենք, որ  հունիսի մեկից Հայաստան-ԵՄ համաձայնագիրն 80 տոկոսով ուժի մեջ է մտել: Այն 100 տոկոսով կսկսի գործել միայն դեպքում, երբ կվավերացվի ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից: Առայժմ Եվրամիության անդամ չորս երկիր է վավերացրել համաձայնագիրը: Բորիս Նավասարդյանի խոսքով՝ քաղաքական իրավիճակի փոփոխությունը, որը տեղի է ունեցել Հայաստանում, նպաստելու է համաձայնագրի արդյունավետ իրականացմանը: Ըստ նրա՝ Հայաստանի նոր իշխանություններն իրենք են շահագրգռված լուրջ բարեփոխումների իրականացմամբ: «Ես կարծում եմ՝ իրենց հավակնությունները բարեփոխումների ուղղությամբ նույնիսկ կարող են ավելի մեծ լինել, քան Եվրամիության ակնկալիքները: Այստեղ ես միայն մեկ խոչընդոտ եմ տեսնում, որը տեխնիկական բնույթ ունի՝ Եվրամիության հետ հարաբերություններում շատ կարևոր է փաստաթղթային ապահովումը»,- ասաց նա: Ըստ Նավասարդյանի, այն, ինչ վերաբերում է ոլորտային բարեփոխումներին, ուժի մեջ մտած համաձայանգիրն այդ բարեփոխումները լիովին փակում է: Այսինքն՝ կոնկրետ գործունեություն արդեն կարելի է ծավալել, եթե համապատասխան ձևակերպումները և համաձայնությունները ձեռք բերվեն: ԵՄ անդամ երկրների կողմից, նրա խոսքով, խոչընդոտներ չկան համաձայնագրի վավերացման հարցում: Ավելին, այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, նպաստելու են գործընթացի արագացմանը նաև անդամ երկրներում վավերացման ուղղությամբ: Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում մեծ տեղ է հատկացվում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին: Այդ ուղղությամբ ֆինանսական միջոցների հատկացում է նախատեսված: Այնինչ, Հայաստանի կառավարության անդամերը հայտարարում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար գումարներ այսուհետ պետք չեն: Բորիս Նվասարդյանն ասում է, որ այդ գումարները կարելի է ուղղել այլ ոլորտներ: «Եթե իրոք կոռուպցիայի դեմ պայքարի համար ֆինանսական աջակցություն անհրաժեշտ չէ, դա հայկական կողմին հնարավորություն է տալիս վերաբանակցել Եվրամիության հետ և գումարներն ուղղել այն ոլորտներ, որտեղ դրանց կարիքը կա: Դրա համար նույնպես պետք է շատ լավ նախապատրաստվել և համոզիչ փաստաթղթեր ու առաջարկություններ մշակել: Անհրաժեշտ է, որպեսզի գործողությունների առումով ապահովվի ծրագրի ամբողջ բովանդակությունը, իսկ ֆինանսական հոսքերը, որոնք նախատեսված են Հայաստանի համար, դրանց  վերաբերյալ բանակցելու հնարավորություն կա», ասաց նա: Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողությունների հասնելու համար առաջին հերթին կամք է անհրաժեշտ և արդյունավետ կիրառում այն գործիքների, որոնց արդեն տիրապետում են ՀՀ իշխանությունները: «Կարծես թե դրա օրինակը մենք արդեն տեսնում ենք, այսօր առանց որևէ աջակցության որոշակի արդյունքներ արդեն կան: Եվ եթե այդ կամքը լինի, շատ հնարավոր է այդ հարցը լուծվի առանց շատ մեծ ֆինանսական աջակցության», նշեց նա:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
09-06-2018 20:13