Թրամփը շատ կոշտ դրեց հարցը. իսկ ինչ էր ասում նա Ալիեւին

13-06-2018 21:06

Հարթակ հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ խոսել է միջազգային իրադարձությունների, մասնավորապես ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի առաջնոդների պատմական հանդիպման մասին, որ տեղի է ունեցել Սինգապուրում եւ որով սկիզբ է դրվել կորեական թերակղզու ապամիջուկայնացման, հյուսիսկորեական միջուկային ծրագրից առաջացած հակամարտության քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը: Սուրեն Սարգսյանի գնահատմամբ դա գործընթաց է, որի համար ԱՄՆ նախագահ Թրամփը իրավամբ կարող է ներկայացվել Նոբելյան մրցանակի, ինչի վերաբերյալ արդեն կարծիքներ հնչում են: Սուրեն Սարգսյանը նշել է, որ բացի միջուկային ծրագրից բխող վտանգավոր ճգնաժամի հանգուցալուծումը, Թրամփը այդ քայլով նաեւ ապահովել է իր ներքին ամրությունը 2020 թվականի նախագահի ընտրությանն ընդառաջ, որին մասնակցելու մասին արդեն հայտարարել է: Սարգսյանը նշում է, որ հյուսիսկորեական գործընթացում մեծ նշանակություն ունեցավ այն, որ Թրամփը բավական կոշտ դրեց իր պայմանները, եւ բոլորը հասկացան, որ նա չի կատակում կոշտ մեթոդների հարցում: Կաշխատի՞ արդյոք այդ մեթոդաբանությունն Իրանի հարցում, որտեղ ինչպես հայտնի է Թրամփը դուրս է եկել միջուկային համաձայնագրից, որ կնքվել էր դեռեւս Օբամայի ժամանակ: Թրամփը դա համարել է ոչ շահեկան եւ պահանջում է նոր պայմաններ: Սուրեն Սարգսյանը ներկայացրել է իր կարծիքը եւ նաեւ ամերիկյան մամուլում արդեն որոշակի արտահոսքեր ամերիկա-իրանյան նոր բանակցության հնարավորության մասին: Սարգսյանը անդրադարձել է նաեւ Հարավային Կովկասում Թրամփի  քաղաքականության, մասնավորապես Արցախի հակամարտության վերաբերյալ նրա հայտարարություններին՝ որ հնչեցրել էր Ալիեւին ուղղված շնորհավորանքներում, երեք տարբեր առիթներով: Ինչ նշանակություն կարող էին ունենալ դրանք: Միջազգայնագետը պատասխանել է այդ հարցին, ասելով, թե ԱՄՆ ինչ առաջնային հետաքրքրություն ունի ռեգիոնում: Միջազգայնագետը անդրադարձել է նաեւ Փաշինյան-Պուտին հանդիպմանը: Սուրեն Սարգսյանը նշել է հայ-ռուսական հարաբերության ռիսկերը հայաստանյան նոր իրողությունների պարագայում, միաժամանակ նշել, որ այդ ռիսկերը կարող է չեզոքացնել Նիկոլ Փաշինյանը հենց Պուտինի հետ հանդիպման ձեւաչափում, եւ դա շատ կարեւոր է այդ տեսանկյունից: Սուրեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ արցախյան ու նախիջեւանյան ուղղությամբ Ադրբեջանի գործողություններին, ասելով, թե կարող է արդյոք Ռուսաստանը զսպել Ալիեւին եւ ինչ չափով: Միջազգայնագետը անդրադարձել է նաեւ ազգային անվտանգության ռազմավարության փոփոխության անհրաժեշտությանը, ասելով, որ Հայաստանը նույնիսկ տասնամյակ ուշացել է այդ հարցում եւ նշելով, թե մասնավորապես ինչ նոր բաղադրիչներ պետք է ներառվեն Հայաստանի անվտանգության նոր ռազմավարության մեջ: Մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում

Lragir.am
13-06-2018 21:06