Ինչ է կատարվում Թուրքիայում եւ ինչ պետք է անի Հայաստանը. չսպասել երրորդ կողմի

27-06-2018 18:00

Հարթակ հաղորդաշարի հյուրն է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: Հակոբ Բադալյանը նրա հետ զրուցել է Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների մասին: Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ ընտրության արդյունքում նախագահի պաշտոնում վերընտրվեց Ռեջեփ Թայիբ Էրդողանը, որը ըստ էության սկսում է բոլորովին նոր նախագահական պաշտոն, քանի որ նախագահ է ընտրվում նոր Սահմանադրությամբ, եւ նախորդ ժամկետը «զրոյանում է»: Ինչ Թուրքիայի հետ գործ ունենք, ինչ Էրդողանի հետ: Վարուժան Գեղամյանը խոսել է Թուրքիայի ներսում առկա իրավիճակի մասին, ասելով, որ նախագահի արտահերթ ընտրությունից հետո Էրդողանը փաստորեն էլ ավելի է կենտրոնացնում իշխանությունն իր ձեռքը, ավարտելով մի քանի տարի առաջ սկսած այդ գործընթացը: Թուրքիայում այժմ ըստ էության գերկենտրոնացած իշխանություն է, Էրդողանի ձեռքում կենտրոնացած իշխանություն: Ինչ կարող է սպասել այդ իշխանությունից Հայաստանը, որի 80 միլիոնանոց անմիջական հարեւանն է Թուրքիան, ազդեցիկ պետություն միջազգային քաղաքականության մեջ, տնտեսապես, ռազմական առումով հզոր երկիր, որի հետ Հայաստանը փաստորեն չունի հարաբերություն, ունի հարցեր, այդ թվում Արցախի մասով: Վարուժան Գեղամյանը խոսել է այս մասին, արձանագրել, որ հայ-թուրքական հարաբերության առումով Թուրքիայի գերկենտրոնացած իշխանության պարագան բարդացրել է հեռանկարը, քանի որ այն շրջանակները, որոնք առավել ազատ մտածող էին, առավել հանդուրժող, լայնախոհ եւ Հայաստանի հետ հարաբերության մասին էին խոսում, զգալիորեն կորցրել են իրենց ազդեցության շրջանակը, դրսեւորման հնարավորությունները: Միաժամանակ, Վարուժան Գեղամյանն ասում է, թե ինչ պետք է անի Հայաստանը: Ըստ նրա, Հայաստանը չպետք է սպասի, թե արդյոք աշխահքաղաքական զարգացումները կբերեն իրավիճակի, երբ դարձյալ կառաջանա հայ-թուրքական գործընթացի առիթ: Ըստ թուրքագետի, հաշվի առնելով Թուրքիայի կարեւորությունը, չնայած ավելի նեղացած հնարավորություններին, Հայաստանն այդուհանդերձ պետք է օգտագործի իր ներկայիս հեղինակության աճը եւ ժողովրդավարական վարկի աճը նաեւ հայ-թուրքական ուղղությամբ աշխատելու, թուրքական դաշտում շահառու սուբյեկտներ գտնելու, նրանց միջոցով գոնե որեւէ գործընթացի ձեւավորման հասնելու ուղղությամբ: Վարուժան Գեղամյանը խոսել է նաեւ այդ թվում թուրք-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրներն օգտագործելու հնարավորության մասին, որոնք, նրա խոսքով, անկասկած կան, որքան էլ երկու երկրները դաշնակիցներ ու եղբայրներ են համարվում: Մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում

Lragir.am
27-06-2018 18:00