Քիմիայի ոլորտի նոբելյան մրցանակակիրները Հայաստանում են. Խոշոր գիտաժողով Երեւանում

22-10-2018 13:17

Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության օժանդակությամբ հոկտեմբերի 22-ին կազմակերպել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» (ArmChemFront2018)  քիմիային նվիրված միջազգային խոշոր գիտաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հայաստան են հրավիրվել 22 բացառիկ, գիտական աշխարհում առաջատար ներկայացուցիչներ, այդ թվում՝ 2 Նոբելյանական մրցանակակիրներ և ԵՄ-ի Հորիզոն 2020 ծրագրի մասնակիցներ: Հրավիրված բանախոսներից զատ, աշխարհի տարբեր անկյուններից, ներառյալ Հայաստանից,ավելի քան հարյուր գիտնական ներկա են սիմպոզիումին՝ ունկնդրելու վերոնշյալ բանախոսների ելույթները և գործընկերներին ներկայացնելու սեփական աշխատանքները: Սիմպոզիումի հիմնական նպատակն է հայ գիտնականներին, հատկապես երիտասարդ սերնդին, հնարավորություն տալ ծանոթանալու ոլորտի լավագույն փորձին: Գիտաժողովի ամենակարևոր ուղերձն է՝ Հայաստանի Հանրապետությունում քիմիայի զարգացման անհրաժեշտությունը՝ համընթաց աշխարհի գիտական նվաճումներին: Միջոցառումը մեկնարկեց Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանի օրգանական քիմիայի գծով պրոֆեսոր և «ArmChemFront2018»-ի գլխավոր կազմակերպիչ Սյուզաննա Հարությունյանի ողջույնի խոսքով: Նա ընդգծեց, որ կոնֆերանսի հիմնական նպատակներն ուղղված են հայ գիտնականների կարողությունների զարգացմանն ու հզորացմանը: «Միջազգային գիտաժողովները կարևոր դեր են խաղում գիտական հետազոտություններում,քանի որ գիտնականների համար դրանք ծառայում են որպես ուրույն հարթակ ներկայացնելու իրենց ձեռքբերումներն ու արդյունքներն, ինչպես նաև ընդլայնելու համագործակցության կապերը»,-ասաց նա: Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ Հայաստանը պետք է ավելի շատ մասնակցի միջազգային հետազոտական և նորարական ծրագրերին: «Գիտությունը, հետազոտական և զարգացման նախագծերը, տեխնոլոգիաներն ու նորարարությունն առանցքային են մրցակցային միջավայրը բարելավելու, տնտեսական աճի և աշխատատեղեր ստեղծելու համար: Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանին և պատրաստ է միավորելու մարդկանց, որպեսզի նրանք հաճույքով սովորեն միմյանցից ու նորարական պրակտիկաներ կիրառեն՝ ցույց տալու կրթության, զբաղվածության և համայնքի խնդիրներին լուծումներ գտնելու միջև կապը»,-նշեց Սվիտալսկին: Բացման արարողությանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ով իր ողջույնի խոսքում ասաց. «20-րդ դարի վերջին անկախության վերականգնման պատմական իրադարձությանն ուղեկցած տնտեսական դժվարությունները որոշակի բնական բարդություններ առաջացրեցին գիտաարդյունաբերական հզորությունների պահպանման և հետագա զարգացման համար: Այժմ Հայաստանում ձևավորված նոր իրողությունների պայմաններում մենք կարիք ունենք ժամանակի պահանջներին համապատասխանող նոր արդիական լուծումերի ՝ վերականգնելու և զարգացնելու քիմիայի ասպարեզի երբեմնի կարողությունները»: Խոսքով հանդես եկան նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և Ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Սաղյանը: Վերջիններս խոսեցին գիտության զարգացման կարևորության մասին: Դասախոսությունների շարքը սկսեց Նոբելյան մրցանակակիր,ականավոր գիտնական Ֆրեյզեր Ստոդարտը: Գիտաժողովի ավարտին՝ հոկտեմբերի 25-ին, տեղի կունենա «Ամենատաղանդավորը» կրթաթոշակային ծրագրի մրցանակաբաշխությունը,որի ընթացքում գիտնականների միջազգային հանձնաժողովը հայ երիտասարդ քիմիկոսներից կընտրի ամենապայծառ միտք ունեցողին: Ընտրված երիտասարդն արտերկրի քիմիական հետազոտական լավագույն կենտրոններից մեկում կստանա եռամսյա գիտահետազոտական պրակտիկա անցնելու հնարավորություն:

Lragir.am
22-10-2018 13:17