ԲԴԽ-ն 7 ամսվա ընթացքում դատավորի գործունեությանը միջամտելու ահազանգ չի ստացել

03-11-2018 11:43

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դատավորների անկախության խնդրին: Նա ասաց, որ տեղեկացված չէ, թե արդյոք նախկին իշխանության օրոք զանգեր են եղել դատավորներին: Հարցին, թե դատավորն իրավունք ունի՞ զանգելու ԱԱԾ տնօրենին, ինչը գաղտնալսված հեռախոսազրույցի միջոցով բացահայտվեց, Փոլադյանը պատասխանեց, որ այս գործով ընթանում է նախաքննություն, և դատավորն անձամբ իր տեսակետը հայտնել է այդ մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այլևս իշխանությունները չեն զանգում դատավորներին: Փոլադյանից հետաքրքրվեցինք՝ նախկինում զանգեր եղե՞լ են, նա պատասխանեց. «Կփորձեմ չմեկնաբանել վարչապետի հայտարարությունները: Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»: Նրա խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն ապրիլի 12-ին կայացրել է որոշում դատավորի գործունեությանը միջամտելու անթույլատրելիության վերաբերյալ: «Եթե դուք նայեք այդ որոշումը, այդտեղ հստակ ուղերձներ են տրված թե այն անձանց, ովքեր զանգում են դատավորներին կամ կարող են զանգել, կամ պիտի զանգեն, կամ չպիտի զանգեն, և դատավորներին կան ուղերձներ, որոնք զանգ են ստանում: Պետք է տեղեկացնեն Բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի Բարձրագույն դատական խորհուրդը օրենքով իր լիազորությունների շրջանակներում կոնկրետ գործողություններ իրականացնի»,- ասաց Փոլադյանը: Հարցին, թե հեղափոխությունից հետո ի՞նչ է փոխվել դատական համակարգում, Փոլադյանը պատասխանեց, որ դատական համակարգն աշխատում է բնականոն հունով: «Իմ կարծիքով՝ արվել են որոշակի հետևություններ, և փոփոխությունները հանրությունը շատ շուտով կզգա»,- նշեց նա՝ չմանրամասնելով, թե ինչ հետևություններ են արվել: Ըստ նրա՝ նոր իրավիճակից են հետևություններ արվել: «Բարձրագույն դատական խորհրդի՝ ապրիլի 12-ի որոշման մեջ հստակ նշված է, որ եթե որևէ զանգ կամ միջամտություն լինում է դատավորի գործունեությանը, դատավորը պարտավոր է ուղիղ ահազանգել Բարձրագույն դատական խորհրդին: Սակայն խորհրդի յոթամսյա գործունեության ընթացքում որևէ նման ահազանգ չի հնչեցվել: Հետևաբար, այս ամենից կարող եմ հետևություն արել, որ որևէ դատավորի որևէ զանգ կամ միջամտություն չի արվել»,- ասաց Փոլադյանը:

Lragir.am
03-11-2018 11:43