Սահմանապահները մեկնեցին, սահմանապահները վերադարձան․ նրանց ճանապարհեց ու դիմավորեց Վալերիյ Օսիպյանը. Լուսանկարներ

03-11-2018 20:42

Նոյեմբերի 1-ին ոստիկանության զորքերի ծառայողներ արևածագը դիմավարեցին շարահրապարակում՝ ՀՀ ոստիկանության պետից հերթական անգամ «բարի ծառայություն» լսելու և դեպի Տավուշ ճանապարհ ընկնելու: «Հպարտանում ու հիանում եմ ձեզնով»՝ խոսքն այսպես սկսեց Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Ոստիկանության պետը բարձր գնահատեց ոստիկանության զորքերի նախորդ հերթափոխերի մարտական պատրաստականությունն ու հայրենիքին նաև սահմանին ծառայելու պատրաստակամությունը՝ վստահ արձանագրելով, որ այս հերթափոխը ևս դիրքերն անառիկ է պահելու: «Դուք այսօր ոստիկանության հպարտությունն եք: Մեր բոլոր բացերը դուք լրացնում եք ձեր դրական կերպարով, ձեր հերոսական քայլերով: Հավատացեք, սրանք ուղղակի բառեր չեն․ դուք մեր համակարգի հերոսներն եք: Իմ շնորհակալությունը ձեր ընտանիքներին, ձեր ծնողներին․․․»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ օրհնության կարգ կատարեց Հայաստանի ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական տեր Վրթանես քահանան: Միջոցառման պաշտոնական մասն ավարտվեց հրապարակային երդմամբ: Հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը սրբորեն կրողներին սահման ճանապարհելու էին եկել ոստիկանության մշակույթի կենտրոնի սաները: «Երազ իմ, երկիր հայրենիքը» շարահրապարակում թևածեց նաև ոստիկան-զինվորականների շուրթերով: Հայի մարտական ոգին խորհրդանշող երգ ու պարին հաջորդեց հանդիսավոր քայլերթը: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, դիրքերից վերադարձան մարտական հերթապահությունը ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները: Վերադարձան և ինչպես մեկնելու օրը, շարք կազմեցին՝ իրենց առջև դրված խնդիրն անթերի կատարածի հպարտությամբ: Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում նրանց դիմավորեց ՀՀ ոստիկանության պետը: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց բարձր պրոֆեսիոնալիզմի, խրամատում ամուր կանգնելու համար՝ գիտակցմամբ, որ թիկունքում հայրենիքն ու սեփական ժողովուրդն է: «Հպարտ եմ, որ իմ ղեկավարած համակարգում ձեր պես ծառայողներ կան: Հիանում եմ ձեր ամուր կեցվածքով, անկոտրում ոգով, հայրենասիրական գործողություններով: Դուք ապացուցում եք, որ ամուր կանգնած եք ոչ միայն Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի ներքին, այլև արտաքին թշնամու առջև»,- իր խոսքն անփոփեց Վալերիյ Օսիպյանը: Մարտական հերթափոխից վերադարձածները ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով ու շնորահակալագրերով: Ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց պարգևները ստացան անձամբ Վալերիյ Օսիպյանից: Նրանց լավագույն և ոգեղեն պարգևը հայրենիքի սահմանները պաշտպանելու պատվին արժանանալն է: Պարգևատրմանը հաջորդեց արարողության վերջին պաշտոնական դրվագը: Հանդիսավոր քայլերթն ավարտվեց կարոտալի գրկախառնություններով: Հայրենիքի այսօրվա պաշտպան հոր գրկում հայրենիքի վաղվա պաշտպանն է՝ տեսախցիկից կաշկանդվող, բայց ներսում հպարտ․ ոստիկան հայրը սահմանին էր, որ ինքն ու իր նման լուսե փոքրիկները խաղաղ քնեն ու անհոգ մեծանան:

Lragir.am
03-11-2018 20:42