Օրերով խնդրում են, որ ընդդիմադիր գործիչները իրենց մոտ հյուր գնան. Հ1-ի ղեկավար

05-11-2018 16:52

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է այնպես ստացվել, որ բոլոր ժամանակների ընդդիմությունը դժգոհում է Հանրային հեռուստաընկերության աշխատանքից: «Դուք պետք է բոլոր ժամանակների ընդդիմությանը հարցնեք, ոչ թե ինձ»,- ասաց նա: Գրիգորյանը նշեց, որ կա մի ճշմարտություն, ինչը բոլորը գիտեն, բայց միշտ շահարկում են: «Հանրային հեռուստաընկերությունը, ինչպես Դոյչե Վելեն, Ֆրանս 24-ը և բազմաթիվ այլ հեռուստաընկերություններ, հանրային լինելով՝ ունեն իրենց ճիշտ ուղղությունը: Երբևիցե որևէ պարագայում չկա այդպիսի հանրային հեռուստաընկերություն, որը չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը: Ի վերջո, եթե դուք դիվանագիտական կորպուսներին հարցնեք, Հանրային հեռուստաընկերությունն առ այսօր մնում է պետական պաշտոնական հաղորդագրության կրողը: Եվ եթե դա այդպես է, ապա հանրային հեռուստաընկերությունը զուտ պարտավորություն ունի տվյալ ժամանակահատվածի իշխանության ուղղությունը ներկայացնելու»,- ասաց նա: Գրիգորյանը նշեց, որ մենեջմենթի առումով այսօր Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը բարելավվել է: նա նշեց, որ օրերով խնդրում են, որ ընդդիմադիր գործիչները իրենց մոտ հյուր գնան:

Lragir.am
05-11-2018 16:52