Ֆելիքս Ցոլակյանը կառաջադրվի Շիրակի մարզում ՔՊ կուսակցությունից

06-11-2018 13:13

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդարանում լրագրողների հետ  զրույցում հաստատեց, որ լինելու է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակում: «Որ լուրերը տարածվում են, ուրեմն մի բան կա էլի, որ տարածվում են»,- ասաց նա: Ցոլակյանն ասաց, որ ռեյտինգային ընտրակարգով էլ առաջադրվելու է Շիրակի մարզում: Հարցին, թե դժվար կայացրե՞ց այդ որոշումը, նա պատասխանեց. «Որ ասեմ՝ շատ դժվար էր կամ հեշտ էր, բան կփոխվի՞ դրանից: Առաջարկություն է եղել, համաձայնվել եմ»: Հարցին, թե ինքը հաստատո՞ւմ է ՔՊ անդամների այն հայտարարությունները, թե ցուցակում ընդգրկվում են հենց սկզբից հեղափոխությանը աջակցած անձինք: «Ես հաստատելու բան չունեմ, ես որևէ մեկին աջակցելու խնդիր չեմ ունեցել: Իմ աջակցությունը կայացել է վարչապետի ընտրությունների ժամանակ Ազգային ժողովում իմ վերաբերմունքը ցույց տալով: Ես ճանապարհ չեմ փակել, չեմ քայլել, բայց իմ վերաբերմունքն արտահայտել եմ ընտրությունների ժամանակ: Դրանից հետո ես հայտարարել եմ, որ ամեն ձևով ես պատրաստ եմ օգնելու ու աջակցելու: Հիմա եկել է աջակցելու պահը, ցանկանում եմ աջակցել այս պահին»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ նախկինում էլ իշխանության մեջ էր՝ առանց կուսակցական լինելու: Հիմա էլ ՔՊ անդամ չի և չի դառնալու: «Հիմա իրավիճակ է փոխվել, և ես իմ օգնությունը ՔՊ-ին ուզում եմ արտահայտել այս ձևով»,- հավելեց նա: Դիտարկմանը, որ ինքը համարվում էր Սերժ Սարգսյանի մտերիմը, Ցոլակյանը պատասխանեց, որ երբևիցե որևէ մեկի հետ մտերիմ չի եղել, պետական ծառայող է եղել, որևէ անձնական հարաբերություններ որևէ մեկի հետ չի ունեցել՝ սկսած ԽՍՀՄ ժամանակներից:

Lragir.am
06-11-2018 13:13