Հայաստանում ու Արցախում ռազմագերիներ չկան. Դավիթ Տոնոյան

06-11-2018 16:11

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման պաշտոնական առաջարկ չկա, այսօր լրագրողներին ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Նա ասաց, որ գերիների փոխանակման հանձնաժողովը շուտով վերսկսելու է իր աշխատանքները: Տոնոյանի խոսքով` հանձնաժողովի աշխատանքներն այս փուլում կղեկավարի ինքը, մեկ նիստ արդեն արել է: Մամուլի հրապարակումը, թե ադրբեջանական կողմից պաշտոնական առաջարկ է արվել գերիների փոխանակման համար, Տոնոյանը հերքեց: Նա ասաց, որ այդ մասին իմացել է լրատվամիջոցներից, որևէ պաշտոնական առաջարկ հայկական կողմը չի ստացել: Նշենք, որ Ադրբեջանում այս պահին Հայաստանի երեք քաղաքացիներ են պահվում: Իսկ հայկական կողմում գտնվող երեք ադրբեջանցիները դատապարտված են ծանր հանցագործությունների համար: Տոնոյանի խոսով` նրանք ռազմագերիներ չեն: Հարցին, թե հնարավո՞ր է գերիների փոխանակման հարցը քննարկվի, Դավիթ Տոնոյանը պատասխանեց` եթե Հայաստանում կամ Արցախում լինեն ռազմագերիներ, այո: Այս պահին, սակայն, ռազմագերիներ չկան:

Lragir.am
06-11-2018 16:11