Էրիկ Գրիգորյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ քննարկել է Նուբարաշենի 1053 տոննա աղտոտիչների արտահանման և ոչնչացման հնարավորությունները

08-11-2018 18:51

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ/ԳԷՀ ծրագրի իրականացման արդյունքների, հետագա ընթացքի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությանտեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը հրավիրվել Էին նաև Ֆրանսիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կլեիր լե Ֆլերերը, Գերմանիայի դեսպանատան առաքելության ղեկավար Կլաուս Վենտելբերգը: Հանդիպմանը քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում առկա 1053 տոննա առաջին կատեգորիայի կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոնների ոչնչացման տարբերակները: Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը ներկայացրել է գերմանական և ֆրանսիական այն ընկերությունների ցանկը, որոնք մասնագիտացված են օրգանական թափոնների ոչնչացմամբ: Վերջինս տեղեկացրել է, որ Նուբարաշենում առկա 4123 տոննա աղտոտված հողը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է վնասազերծել տեղում: Քննարկման արդյունքում առաջարկվել է, հաշվի առնելով Գերմանիայի և Ֆրանսիայի առաջադեմ փորձը և խորհրդային նախկին հանրապետություններից նմանատիպ գործընթաց կազմակերպելու փորձը, դեսպանատների միջոցով վերոհիշյալ երկրների կառավարությունների հետ դիտարկել 1053 տոննա աղտոտիչների արտահանմանը և ոչնչացմանն աջակցելու հնարավորությունները:

Lragir.am
08-11-2018 18:51