Գազի եւ էլէներգիայի ոլորտում պետք է գործել հեղափոխության սկզբունքով

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է գազի գնի նվազեցման հնարավորությանը: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը լրագրողներին ասել է, որ «Գազպրոմ» ընկերության և Ռուսաստանի էներգետիկայի նախարարության հետ բանակցում են գազի գնի նվազեցման ուղղությամբ: Եթե արդյունքներ լինեն, նրա խոսքով, բնականաբար, նվազեցումը կազդի նաև սպառողի վրա: Վարդան Բոստանջյանի խոսքով՝ նախքան բնակցությունների գնալը պետք է ներքին ռեզերվների մասին մտածել: «Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, որ Գազպրոմին են պատկանում բոլոր բաժնետոմսերը, և ինքը իբր թե սահմանել է գազի սակագին, այդուհանդերձ հասկանալի է, որ այս փոքր երկրի տարածքում սահմանին 150 դոլարով գնված գազը սպառողների վրա իրացվում է երկու անգամ ավելի գնով: Ըստ էության, մինչ որևէ բաժնետիրոջ հետ իբր բանակցություններ ես իրականացնում, նախ պետք է մի հատ նայես քո ռեզերվները»,- ասում է Բոստանջյանը: «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն Հրանտ Թադևոսյանը լրագրողներին ասել է, որ եթե գազի գինն իջեցվի, կտանի համակարգի քայքայմանը: Վարդան Բոստանջյանը համամիտ չէ այս պնդումների հետ: Տնտեսագետի խոսքով՝ այս մեկանաբանությունը ոչ այլ ինչ է, քան գերշահույթ հետապնդող սուբյեկտի բացատրություն: «Ինչպե՞ս հասկանալ այս երևույթի ամբողջ մեխանիկան, ինչո՞ւ պետք է համակարգը քայքայվի կամ վտանգվի: Փաստորեն սակագնի գերբարձրացումը, որն առկա է ՀՀ պարագայում, բնակչության համար սարսափելի մեծ դժվարություններ է ստեղծել: Այդ դժվարությունները երկակի բնույթ են կրում: Փաստորեն մարդ արարածը չի կարողանում գազի նվազագույն սպառումն իրականացնել, որովհետև եթե հանկարծ ավելի մեծ սպառման գնա, ուրեմն լրացուցիչ մուծումներ պետք է անի, ինչն ի զորու չէ անել իր ցածր եկամուտների պարագայում»,- նշեց տնտեսագետը: Բոստանջյանի խոսքով՝ փաստացի ավելի քան 10 տարի մշտապես բարձրացվել է այն հարցը, որ ինչպես գազի, այնպես էլ էլեկտրաէներգիայի սակագներն ուռճացված են: «Հիմա բոլոր դեպքերում ակնհայտ է, որ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ պետք է փնտրի ու գտնի տարբեր բացատրություններ՝ բանակցություններ, համակարգի քայքայում և այլն: Ըստ էության, սրանք չհիմնավորված բացատրություններ են, որոնցից ակնհայտ է դառնում, որ այսօր չկա հակվածություն սակագինը նվազեցնելու ուղղությամբ»,- ընդգծեց նա: Հարցին, թե ի՞նչ հստակ քայլեր պետք է անի Հայաստանի կառավարությունը գազի սակագնի նվազեցման ուղղությամբ, Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ պետք է հարցը միանշանակ դնի, ինչպես հեղափոխական իրավիճակում հարցեր դրեց: «Ընդհանրապես բոլոր պարագաներում հասարակությունները կարողանում են ավելի դեպի վերև շարժվել միայն այն ժամանակ, երբ միշտ իշխանությունների հետ գտնվում են բանավեճի մեջ: Տվյալ պարագայում այն ընդհարումը, անհամաձայնությունը, ինչու չէ, նաև ատելությունը բերեցին նրան, որ նախկին համակարգը հոժարակամ, առանց որևէ այևայլության թողեց իր բոլոր լծակները: Այդ նույն սկզբունքը պետք է կիրառել ցանկացած ոլորտում, այդ թվում՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հարցում»,- հավելեց նա: Տնտեսագետը նաև նկատում է, որ պետք է այս հարցում դիտարկել նաև Իրանի դերը՝ որպես գազի այլընտրանքային աղբյուր: «Եթե մենք գազի գնի նվազեցման մասին ենք խոսում, տարբեր այլընտրանքներ կան, ինչո՞ւ չէ՝ նաև Իրանից: Հակառակ պարագայում ինչ-որ մեկը մեզ ասում է՝ Իրանի հետ հարաբերությունները խզենք, և ամենաբարձր մակարդակով խոսվում է այն մասին, որ Իրանի հետ սահմանը կարող է փակվել: Դուք ո՞նց եք երկրի անվտանգության մասին մտածում: Փոքր երկիրը, մեծ հնարավորություններից զուրկ երկիրը մենք վերստին մղում ենք վտանգների՞»,- նշեց նա:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
08-11-2018 18:49