Բացահայտվել է Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնի պետի կողմից կաշառք ստանալու դեպք. առաջադրվել է մեղադրանք

08-11-2018 19:44

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնում քաղաքացուց կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու վերաբերյալ: 2018թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել առ այն, որ հոկտեմբերի 8-ին այցելել է Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության ծառայության բաժին՝ կենսաթոշակը ձևակերպելու համար: Նույն բաժնի պետը և գլխավոր մասնագետն ուսումնասիրել են քաղաքացու փաստաթղթերը և հայտնել, թե, իբր, կենսաթոշակը ձևակերպելու համար աշխատանքային ստաժը չի բավարարում և այս հանգամանքն անտեսելու, այլ լուծումներ գտնելու և կենսաթոշակը ձևակերպելու համար քաղաքացուց պահանջել 100 000 ՀՀ դրամ կաշառք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետը նույն բաժնի գլխավոր մասնագետի օժանդակությամբ քաղաքացուց կաշառք ստանալու պահին բռնվել է: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով, որն ընդունվել է Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ բաժնի վարույթ: ՍԱԾ գլխավոր մասնագետը հարցաքննվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ծառայության բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար, ինչը բավարարվել է և որպես այլընտրանքային խափանման միջոց՝ ընտրվել գրավը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: ՀՀ քննչական կոմիտե

Lragir.am
08-11-2018 19:44