Որևէ մեկի մտքով մարտին չէր անցնի, որ վարչապետին հատկացված ուղղաթիռն ու ինքնաթիռը նման ազատ կերպով կտնօրինվեն այլ պաշտոնատար անձանց կողմից

Կառավարությունն այսօր մերժել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի օրենսդրական նախաձեռնությունը վարչապետին տրամադրված ինքնաթիռի և ուղղաթիռի օգտագործումը կանոնակարգելու մասին: Օրենքի նախագծով Աշոտյանն առաջարկում էր, որ ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը: Նաև առաջարկում էր, որպեսզի այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում: Պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ինչու միայն նոր կառավարության ձևավորումից հետո առաջացավ նման օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն: Lragir.am-ի հետ զրույցումԱրմեն Աշոտյանը ասաց, որ օրենքը, որում ինքը առաջարկել է փոփոխություններ և լրացումներ, գործող տեսքով ընդունվել է 2018 թվականի մարտին, այսինքն՝ իշխանափոխությունից 1,5 ամիս առաջ և գործադրվել է նոր Սահմանադրության շրջանակներում: «Որևէ մեկի մտքով մարտին չէր անցնի, որ մենք կունենանք կառավարություն, որի վարչապետին հատկացված ուղղաթիռն ու ինքնաթիռը նման ազատ կերպով կտնօրինվեն այլ պաշտոնատար անձանց կողմից: Այդ տնօրինման մասին մամուլը պարբերաբար սկանդալային հրապարակումներ կունենար, հարցականի տակ կդներ պետական բյուջեի ծախսման արդյունավետությունը, ինչպես նաև նման այցելությունների նպատակահարմարությունը», ասաց նա: Նրա խոսքով՝ իր առաջարկած օրինագիծը որևէ հետին միտք չի հետապնդում, բացի այս ոլորտը կարգավորելու ցանկությունից: «Այն հիմնավորումները, որ բերել է կառավարությունը, որևէ քննադատության չի դիմանում, քանի որ կառավարության որոշումով այդ կարգը սահմանվի, թե վարչապետի, դա որևէ առնչություն հրատապ դեպքերի հետ կապված չունի: Կարող է կառավարությունը իր կարգավորումով նույնպես նման մեխանիզմներ դնել: Ինչ վերաբերում է երկրորդ առաջարկության մերժման հիմնավորմանը, թե այդ հարցը կարող են կարգավորել ենթաօրենսդրական ակտերով, ինչպես ասում են՝ աչքս տեսնի ենթաօրենսդրական այդ կարգավորումները, որոնք կառավարությունը նույնպես մերժեց: Կարծում եմ՝ պետք է կյանքի կոչվեն կառավարության կողմից, գոնե իրենց  քաղաքական կամքի դրսևորման մեջ: Իսկ հիմնավորումները, թե ինչու Սերժ Սարգսյանի ժամանակ չէիք անում սա, պարզապես որևէ քննադատության չեն դիմանում, որովհետև մեր իշխանության օրոք ուղղաթիռի և ինքնաթիռի աննպատակ օգտագործման ահազանգեր գրեթե չեն եղել», ասել է Արմեն Աշոտյանը: Ի վերջո, նրա դիտարկմամբ, եթե ժամանակին որևէ խնդիր չի լուծվել, չի նշանակում, որ այդ խնդիրն այլևս լուծման ենթակա չէ նոր կառավարության կողմից:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
08-11-2018 19:53