Ստեփանակերտն օգնեց Երեւանին. «պատմական փոխանակությունը» չի կայանա

ՀԱՊԿ-ում քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Աստանայի վեհաժողովին հյուր հրավիրելու գաղափարը, հայտնում է Կոմերսանտը՝ հղում անելով իր երկու աղբյուրներին, որոնք մասնակցել են ՀԱՊԿ Խորհրդի նիստի նախապատրաստությանը: Նիստն արդեն տեղի է ունեցել, իսկ Ալիեւը չի մեկնել Աստանա: Կոմերսանտի զրուցակիցների խոսքով, գաղափարը հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որին աջակցել են մի շարք այլ ղեկավարներ, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Աղբյուրները նշում են, որ Ալիեւը պատրաստ էր այցելելու Աստանա, բայց հայկական կողմը դեմ էր այդ գաղափարին: Վերջին շրջանում մամուլում արտահոսքեր կային, որ Ադրբեջանը կարող է ՀԱՊԿ դիտորդ կամ անգամ անդամ դառնալ: Հայաստանը միանշանակ մերժել է Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը: Ինչ վերաբերում է դիտորդի տարբերակին, այսօրվա նիստում քննարկվել է կազմակերպության կանոնակարգում փոփոխությունների հարցը, որը թույլ կտա Ադրբեջանին առանց Հայաստանի պարտադիր համաձայնության ՀԱՊԿ դիտորդ դառնալ: Փորձագետներն ու քաղաքագետները միաձայն պնդում էին, որ Ադրբեջան անդամակցությունն ավելի շատ Մոսկվային է պետք, քան Բաքվին: Դա նշանակում է, որ Ալիեւին «եվրասիական ակումբ» բերելու համար Պուտինը պետք է լավ «բախշիշ» առաջարկեր Ալիեւին: Ըստ երեւույթին, Ալիեւը շատ բարձր գին է պահանջել: Եվ Ստեփանակերտն է հրաժարվել վճարել այդ բարձր գինը: Ալիեւը տարիներ շարունակ փորձում է Ստեփանակերտի բանտից դուրս բերել Ղարաբաղում արյունոտ հանցագործություն կատարած երկու դիվերսանտներին: Ստեփանակերտում նշում են, որ Ալիեւը շատ է ուզում Ռամիլ Սաֆարովի պես ազատել ու հերոսացնել այդ հանցագործներին: Դատելով այն բանից, որ Աստանայի վեհաժողովից մի քանի շաբաթ առաջ տեղեկատվական տարածությունում ակտիվացել է «բոլորին բոլորի հետ փոխանակելու» թեման, իսկ Գանձակում սկսվել է հայ գերի Կարեն Ղազարյանի դատավարությունը, հայկական կողմին փորձել են համոզել դիվերսանտներին հանձնել Ալիեւին: Կարծիք կա, որ Ստեփանակերտ եռօրյա այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այս հարցը քննարկել է Արցախի ղեկավարության հետ: Արցախը միանշանակ հրաժարվել է հանձնել գերիներին, իսկ Ալիեւը դրանից հետո հրաժարվել է Աստանա մեկնելուց: Վլադիմիր Պուտինը կարող է «գերիների փոխանակությունը» դարձնել երկրորդ մարդասիրական գործողությունը: Առաջին Դուշանբեում էր, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են օպերատիվ կապ հաստատել եւ թուլացնել սահմանային լարվածությունը: Մոսկվան այդ քայլն իրեն է վերագրել, հավանաբար, որ հավասարակշռի ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան: Ամերիկյան կողմը՝ ի դեմ Բոլթոնի եւ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզի, կոչ է արել Հայաստանին գործել ինքնիշխանության դիրքերից եւ չենթարկվել արտաքին ազդեցության: Ստեփանակերտը Ադրբեջանին բազմիցս կոչ է արել ուղիղ Արցախին դիմել ադրբեջանցի հանցագործներին արտահանձնելու խնդրանքով: Բայց Բաքուն հրաժարվել է գնալ այդ քայլին:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
08-11-2018 20:18