Նազարբաևը հետաքրքրված երկրներին ՀԱՊԿ անդամ կամ դիտորդ դառնալու կոչ է արել

08-11-2018 21:12

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել բոլոր հետաքրքրված երկրներին դառնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկեր և դիտորդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Казинформ»-ը: «Հավաքական անվտանգության խորհրդի նիստում մտքեր ենք փոխանակել ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ՝ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում: Օրակարգում ներառված բոլոր հարցերի շուրջ կա փոխըմբռնում: Ընդունված որոշումների ցանկում ուզում եմ հատկապես ընդգծել ՀԱՊԿ գործընկերոջ ու դիտորդի կարգավիճակի իրավական ամրագրումը»,- նշել է Նազարբաևը: Նրա խոսքով՝ այդ քայլը վկայում է ՀԱՊԿ բաց լինելու, ինչպես նաև կառույցի՝ մյուս երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու պատրաստակամության մասին: Նա կոչ է արել հետաքրքրված կողմերին ուսումնասիրել գործընկերոջ ու դիտորդի կարգավիճակ ստանալու ընթացակարգերի իրավական հիմքերը:

Lragir.am
08-11-2018 21:12