Փաշինյանը փակել է Ալիեւի մուտքը. ճեղքումը չի ստացվում

Ռուսական Կոմերսանտը տեղեկություն է հրապարակել, թե Ադրբեջանի նախագահ Ալիեւը պատրաստ է եղել մասնակցել նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ Վեհաժողովին հյուրի կարգավիճակով, սակայն հայկական կողմը թույլ չի տվել դա: Ըստ տեղեկության, Ալիեւի հնարավոր մասնակցության նախաձեռնողը եղել է Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, իսկ նրան աջակցել է Լուկաշենկոն: Բավական բարդ է ասել, արդյոք Կոմերսանտի տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, կամ որքանո՞վ է համապատասխանում: ՀԱՊԿ հանդեպ Ադրբեջանի հետաքրքրության թեման շրջանառության մեջ հայտնվեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո: Ընդ որում, Բաքուն այն սկսեց շրջանառել ընդհուպ խորհրդարանի պատգամավորների մակարդակում: Ռուսաստանը կարծես թե արձագանքել է միայն մեդիա-փորձագիտական դաշտում: Ավելին, տեղեկություն էր գեներացվում, որ սեպտեմբերի 1-ին ՌԴ-ում Պուտին-Ալիեւ հանդիպմանը հարցը կլինի օրակարգում, բայց հանդիպման արդյունքում որեւէ բառ չխոսվեց այդ հարցի վերաբերյալ: Տպավորություն է, որ ռուսական կողմը չի ուզում նկատել հարցը կամ տոն տալ Բաքվի խայծին: ՌԴ այդօրինակ պահվածքի մոտիվները թերեւս հասկանալի են: Մի կողմից Ռուսաստանի համար անշուշտ կարող է հրապուրիչ լինել ՀԱՊԿ հովանոցը ավելի տարածելը: Մյուս կողմից, սակայն, Ադրբեջանի առումով կա երկու խնդիր՝ նախ Բաքուն որքանով է պատրաստ անդամակցել ՀԱՊԿ-ին, այլ ոչ թե շրջանառել թեման ՌԴ-ից ինչ որ «ավանս» ստանալու հաշվարկով: Եվ երկրորդ, ու թերեւս ամենակարեւորը՝ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ակնհայտորեն փոխելու է բալանսը ոչ հօգուտ Ռուսաստանի: Եվ արդյոք դրա համար չէ, որ Նազարբաեւն ու Լուկաշենկոն ՀԱՊԿ շրջանակում աշխուժորեն զբաղված են Ադրբեջանի լոբբինգով: Փաստացի, Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին նշանակելու է Իսրայելի եւ Թուրքիայի անդամակցություն, դրանից բխող տարբեր զուգահեռ գծերով: Ռուսաստանը գործնականում հայտնվելու է դե ֆակտո շրջափակման մեջ: Մյուս կողմից, եթե Ադրբեջանը դանդաղ, բայց հետեւողականորեն թակի ՀԱՊԿ դուռը, ինչքա՞ն կարող է Մոսկվան չլսելու տալ այդ թակոցները: Հասկանալի է, որ դա չի կարող շարունակվել երկար, եւ այստեղ նշմարվում է Հայաստանի «անփոխարինելի» դերը, հատկապես թավշյա հեղափոխության արդյունքում լեգիտիմ, ըստ այդմ ինքնիշխանունակ իշխանության ձեւավորման պարագայում: Այդ դեպքում առաջանում է հարց, թե արդյոք Ադրբեջանը, կամ Ղազախստանն ու Բելառուսը չեն պատկերացնում այդ իրավիճակը: Ինչու՞ են անում քայլ, որին հավանություն տալու Հայաստանի հավանականությունը զրո էր: Հաշվարկն ըստ երեւույթին Ռուսաստանին, կամ ավելի շուտ Պուտինին «գայթակղելն» է, օգնելով այն շրջանակներին, որոնք Կրեմլի ղեկավարին կհամոզեն, որ Ադրբեջանի անդամակցությանը տոն տալը բխում է ՌԴ շահից եւ անհրաժեշտ է Մոսկվային: Ըստ այդմ, Պուտինը կփորձի հաղթահարել Հայաստանի դիմադրությունը, ինչն առնվազն կառաջացնի հայ-ռուսական լարվածություն: Պատահական չէ, որ այդ լարվածությունն առաջացնելու ուղղությամբ թավշյա հեղափոխությունից հետո ինտենիսվ աշխատող Բաքուն հենց այդ հեղափոխությունից հետո սկսեց շրջանառել «հետաքրքրությունը» ՀԱՊԿ հանդեպ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
08-11-2018 22:27