Եվրոպայի խորհրդում նշվեց Երևանի 2800-ամյակը

08-11-2018 22:43

Նոյեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նիստի շրջանակներում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և կոնգրեսի նախագահ Անդերս Կնապեն ԵԽ կենտրոնակայանում բացեցին Երևանի 2800-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով ներկաներին՝ դեսպան Հովհաննիսյանը նշեց. «Անհնար է չսիրել Երևանը, նրա արտասովոր մթնոլորտը և այն ստեղծող մարդկանց, նրա դասական երաժշտության ու ջազ երեկոները՝ հայկական ճարտարապետության ժառանգության մոդեռն լուծումներով կառուցված ժամանակակից շինությունների հետ լիակատար ներդաշնակության մեջ: Այսօրվա մեր փոքրիկ ցուցահանդեսն էլ Երևանի հանդեպ այդ սիրո դրսևորումներից մեկն է»: Ամփոփելով խոսքը՝ Պարույր Հովհաննիսյանն աջակցություն հայտնեց ԵԽ կոնգրեսի նախաձեռնած բարեփոխումներին և շեշտեց, որ դա պետք է օրինակ ծառայի ԵԽ մյուս մարմինների համար: Կոնգրեսի նախագահ Անդերս Կնապեն իր խոսքում նշեց, որ թեև Երևանը նշում է 2800-ամյակը, բայց հանդիսանում է երիտասարդ և աշխույժ քաղաք: Կոնգրեսի նախագահը հավելեց, որ մեծ հետաքրքրությամբ են հետևել Հայաստանում թավշյա հեղափոխությանը և միտված են զարգացնելու ՀՀ հետ սերտ համագործակցությունը: Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց պաշտոնական ընդունելություն: Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում ՀՀ պատվիրակության կողմից: Ներկա էին Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, ԵԽ քարտուղարության պաշտոնյաներ, կոնգրեսի անդամներ:

Lragir.am
08-11-2018 22:43