Խոշոր սկանդալ ՀԱՊԿ վեհաժողովին

08-11-2018 23:31

ՀԱՊԿ վեհաժողովները երեւի երբեւէ այնքան ինտրիգային չեն եղել ու այնքան չեն արժանացել ԶԼՄ-ների ուշադրությանը, որքան այսօր Աստանայում տեղի ունեցած հավաքը: Դրան նպաստել են թե այս մարգինալ բլոկի ընդլայնման ու գործնականացման վերաբերյալ քննարկումները, թե գլխավոր քարտուղարի շուրջ առաջացած իրավիճակը: Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ ՀԱՊԿ վեհաժողովը բավական սկանդալային ստացվեց, եւ դրա պատճառն այն է, որ ժամանակին, երբ ստեղծվում էր այս բլոկը, հիմնադիրները չեն մշակել համապատասխան փաստաթղթեր ու կանոններ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում: Այսինքն, բլոկում որոշումներն ընդունվում էին պարզապես պայմանավորվածությունների միջոցով, եւ այսքան տարի փաստորեն խնդիրներ չէին առաջացել: Իսկ  ֆորս մաժորն առաջացել է Հայաստանի քվոտայով գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտնի պատմության պատճառով: Նա հետ է կանչվել, Հայաստանը ձգտում է պահպանել քվոտան, առաջարկելով նոր թեկնածու: Եվ հենց այստեղ էլ ծավալվել է գլխավոր ինտրիգը, ի ցույց հանելով անդամ-երկրների միջեւ հակասությունները: Մոսկովսկի կոմսոմոլեց թերթը գրում է, որ Հայաստանի այս ջանքերին հակադրվել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ով փորձում է ժամկետից շուտ նշանակել Բելառուսի ներկայացուցչի: Լուկաշենկոյին աջակցում է Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, ով արդեն հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը լինելու է Բելառուսի ներկայացուցիչը: Սակայն ինտրիգը սրանով չի ավարտվում. Լուկաշենկոյի ու Նազարբաեւի հետեւում երեւում են Ադրբեջանի «ականջները»: Վեհաժողովի կուլիսներում խոսակցություններ են տարածվել, որ Լուկաշենկոյի միջոցով Հայաստանի դեմ պայքարում է Ադրբեջանը: Ուշագրավ մեկ այլ տեղեկություն է նաեւ տարածվել. Բելառուսի թեկնածուն՝ այդ երկրի անվտանգության քարտուղար Ստանիսլավ Զասը ժամանակին ավարտել է Բաքվի Ռազմական բարձրագույն հրամանատարական ուսումնարանը եւ սերտ կապերի մեջ է Ադրբեջանի զինվորական վերնախավի հետ: Հաշվի առնելով Բելառուսի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական սերտ համագործակցությունը եւ սպառազինության վաճառքը, հնարավոր է Զասը կապված է նաեւ ֆինանսական խոշոր սխեմաների հետ, ինչպիսին է ադրբեջանական սպառազինության ոլորտը: ՀԱՊԿ-ի հետ Ադրբեջանի այս կամ այն կարգավիճակով համագործակցության խոսակցություններն ամբողջացնում են Աստանայի հավաքին ստեղծված իրավիճակը: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, Պուտինը բավական տհաճ իրավիճակում է հայտնվել Լուկաշենկոյի պատճառով: Իսկ վեհաժողովից հետո լրագրողների հետ հանդիպմանը Նազարբաեւը բավական հոգնած ու միաժամանակ բարկացած տեսք ուներ: Ի՞նչ շարունակություն կունենա այս իրավիճակը Սանկտ Պետերբուրգում, որտեղ դեկտեմբերի 6-ին ենթադրվում է վերջնական որոշում է կայացվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով:

Lragir.am
08-11-2018 23:31