Մահացել է լուսանկարիչ Զավեն Բշտիկյանը

12-11-2018 13:39

Նոյեմբերի 10-ին, 87 տարեկանում  կյանքից հեռացավ հայ լուսանկարչական լրագրության հիմնադիրներից, խորհրդահայ շրջանի ամենագործունյա լուսանկարիչներից մեկը`  Զավեն Հովսեփի Բշտիկյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ժուռնալիստների միությունից: Զավեն Բշտիկյանը ծնվել էր 1930 թվականին Բեյրութում և իր մասնագիտությանը ծանոթացել  հենց այնտեղ` դեռահաս տարիքում: 1946 թվականին Հայաստան ներգաղթելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել «Սովետական Հայաստան» օրաթերթում՝ որպես ֆոտոթղթակից: Այստեղ նա հմտացել է լուսանկարիչ Պարգև Չոլագյանի ղեկավարության ներքո: Այդ ժամանակից սկսած Զավեն Բշտիկյանն անշրջանցելի մասնակցություն է ունեցել հայաստանյան ֆոտոլրագրությանն ու իր ծանրակշիռ ավանդն է բերել լուսանկարչական լրագրության հայկական դպրոցի կայացմանը: Իր ավելի քան կեսդարյա ստեղծագործական գործունեության ընթացքում Բշտիկյանն իր լուսանկարներով հագեցրել է հայկական բացառապես բոլոր թերթերի և ամսագրերի էջերը: «Սովետական Հայաստան», «Հայաստանի աշխատավորուհի», «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Հայաստան», «Գիտություն և տեխնիկա», «Երեկոյան Երևան»… ահա լրատվամիջոցների այն ոչ ամբողջական ցանկը, որոնց էջերում հայ ընթերցողն ամեն օր հանդիպում էր Զավեն Բշտիկյանի լուսանկարներին: Բշտիկյանը կարողացել էր ստեղծել մի ստվար լուսանկարչական պատկերասրահ, որը եզակի է հայ լուսանկարչության պատմության մեջ թե՛ իր ծավալով, և թե՛ իր մշակութաբանական արժեքով: Նրա նատուրալիստական ֆոտոները ներկայացնում էին կյանքի բոլոր բնագավառներում ընդգրկված անհատներին: Այս ընդարձակ արխիվի մեջ հատուկ տեղ էին զբաղեցնում նորաձևությունը գովազդող լուսանկարները: Այսօր հայաստանյան դիզայնի այս բնագավառի պատմության մասին կարելի է պատկերացում կազմել միայն իր լուսանկարների միջոցով: Լրագրողական լուսանկարչությունից բացի, Զավեն Բշտիկյանը նաև գեղարվեստական լուսանկարչության ներկայացուցիչ էր: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միութենական մրցույթների: Լենինգրադում կայացած համամիութենական գլխավոր ստուգատեսում արժանացել  է հատուկ մրցանակի և արծաթե մեդալի: Զավեն Բշտիկյանը կյանքի ողջ ընթացքում տարված է եղել նաև գեղանկարչությամբ: Նկարչության հանդեպ այդ սերն ակնհայտ է նրա գունավոր լուսանկարներում, որոնք անկասկած նրա առավել կատարելագործված աշխատանքներն են: Զավեն Բշտիկյանը հիրավի համարվում է լուսանկարչական լրագրության ականավոր ներկայացուցիչներից մեկը, որի նորարարությունները և ուրույն մոտեցումներն իսկապես հարստացրել են հայ լուսանկարչական դպրոցի ավանդույթները:                                               Զավեն Բշտիկյանը ծնվել է 1930թ. Բեյրութում, տոհմիկ զեյթունցիների ընտանիքում: Հաճախել է Բեյրութի Մխիթարյան վարժարանը: 1946թ. Ներգաղթել է Հայաստան և  անմիջապես աշխատանքի է անցել «Սովետական Հայաստան» օրաթերթում՝ որպես ֆոտոթղթակից: Աշխատանքային կեսդարյա գործունեության ընթացքում թղթակցել է հայաստանյան գրեթե բոլոր թերթերին և ամսագրերին: Մասնագիտական գործունեությունն ավարտել է «Սովետական Հայաստան» օրաթերթում՝ որպես դրա ամենաբազմամյա ֆոտոթղթակից: Հայաստանի անկախացումից հետո թղթակցել է «Մունետիկ» շաբաթաթերթին: Զավեն Բշտիկյանն ամուսնացած էր: Ուներ 2 որդի և 6 թոռ:

Lragir.am
12-11-2018 13:39