«ՀՀԿ իշխանության ամենածաղկուն շրջանում հրապարակվել է ԼԳՏՊ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ. Բա ինչո՞ւ ցույցեր չէիք անում»

20-11-2018 17:26

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձել է Ամենայն հայոց կաթողիկոսին հատուկ պահպանություն տրամադրելու ՀՀԿ-ականների նախագծին, որը չհաստատվեց ԱԺ կողմից և որին բացասական եզրակացություն էր տվել նաև կառավարությունը: Նախագծի մերժումից հետո ՀՀԿ-ականներն սկսել էին քննադատել Նիկոլ Փաշինյանին: Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն մանկամիտ քաղաքականություն է վարում: Նա հարցադրում արեց՝ մենք համարում ենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պետական բարձրաստիճան պաշտոնյա՞ է: Այսինքն՝ այդ շեշտադրումով մենք եկեղեցու էությունը խաթարո՞ւմ ենք, թե ոչ: “Բա հանրապետականները խռովում են, դուրս են գալիս, բա մինչև հիմա մեծամասնություն էիք, ինչո՞ւ չէիք ընդունում այդ օրեսնդրությունը: Այսինքն՝ այս երկրում կյանքն սկսվել է 2018 թվականի մայիսի՞ց: Բա էդ ում իշխանության տարիներին են ձեր իսկ նշած աղանդները տարածում գտել ՀՀ-ում, վեց ամսվա ընթացքո՞ւմ է դա եղել”,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ հիմա էլ ԼԳԲՏ թեման են շահարկում: ՀՀԿ-ականները ԼԳԲՏ ակտիվիստներ են, պայքարում են այդ երևույթի դեմ, միևնույն ժամանակ չեն պատասխանում մի հարցի՝ երբ որ ՀՀ-ում որևէ քաղաքացի հայտարարում է, որ սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է, մենք ի՞նչ պետք է անենք իրեն, ասեք, սպանում ենք, գնդակահարում ենք, քառատում ենք, թե՞ արտաքսում ենք Հայաստանից»: “Թող ասեն էդ մարդիկ, մինչև 2018-ի մայիսը Հայաստանում ԼԳԲՏ համայնք չի եղել, հա՞: 2000 թվականին, երբ ՀՀԿ իշխանության ամենածաղկուն շրջանն էր, Հայաստանում հրապարակվել է նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, ովքեր ունեն այդ սեռական կողմնորոշումը: Եվ այդ ժամանակ այս նույն մարդիկ չգիտես ինչու ցույցեր չէն անում, տակից չէին ֆինանսավորում ցույցերը”, հավելեց նա:

Lragir.am
20-11-2018 17:26