«Նիկոլ Փաշինյանը երեկ չափից ավելի ջղային ու նյարդային էր: Երևում է, որ այս իշխանությունը մի քանի մազոլ ունի»

21-11-2018 13:07

ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ով ՀՀԿ-ականներին քննադատել էր կաթողիկոսի համար հատուկ պահպանություն պահանջելու նախագծի շրջանակներում, ինչպես նաև հարցադրում էր արել, թե ինչո՞ւ են հենց հիմա ՀՀԿ-ականները որոշել պայքարել իրենց ասած աղանդների ու համասեռամոլների դեմ: Փաշինյանը հիշեցրել էր, որ 2000-ականանների սկզբին հրապարակվել էր նույնասեռականների ցուցակ, որում նաև ՀՀԿ-ական գործիչներ կային: Աշոտյանն ասաց, որ մեկ զամբյուղի մեջ այդ հարցերը դնել չի կարելի: Վեհափառի նկատմամբ հատուկ պահպանության կարիք նախկինում չկար, քանի որ, ըստ նրա, այդ պաշտպանությունը կար ՀՀԿ-ի իշխանության ժամանակ: “Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, զրկեց վեհափառին այդ պաշտպանությունից”,- ասաց նա: Անդրադառնալով ցուցակին՝ Աշոտյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ չափից ավելի ջղային ու նյարդային էր: “Երևում է, որ այս իշխանությունը մի քանի մազոլ ունի, հենց հասարակությունը այդ մազոլների վրա ոտքը դնում է, սկսում են մի քիչ ոչ ադեկվատ ռեակցիաներ տալ”,- հավելեց նա:

Lragir.am
21-11-2018 13:07