Փաշինյանն ու իր սիրողական թիմը մսխում են մեր կապիտալը. Աշոտյան

21-11-2018 13:48

ՀՀԿ-ական պատգամաավոր Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում քննադատել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, հատկապես արտաքին ոլորտում: Հարցին, թե ի՞նչ ժառանգություն է ՀՀԿ-ն թողել նոր իշխանություններին, նա պատասխանեց. «Մենք թողել ենք այնպիսի ժառանգություն, որ Նիկոլ Փաշինյանն այս յոթ ամիսների ընթացքում իր ոչ պրոֆեսիոնալ, սիրողական թիմով մսխում է մեր այդ քաղաքական կապիտալը ու էլի մսխելու բան ունի»: Աշոտյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ստանձնած պարտավորություները նոր կառավարությունը վեց կետերով լիարժեք կատարել է: «Ասել եմ՝ շատ բուռն երևակայություն է պետք ունենալ, որպեսզի ասել, որ 100 տոկոսով կատարել է ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները: Երբ որ ասում է՝ արտոնյալներ չկան, թող գոնե բարի լիներ ձևի համար հավանություն տար իմ նախագծին, որ պետական ուղղաթիռից ու ինքնաթիռից ով հասներ չօգտվեր: Անգամ անձնական կարիքների համար, անձնական գործերով, մամուլն է գրում, այդ ո՞նց արտոնյալներ չկան»: Աշոտյանը նաև հարցադրում արեց՝ այդ ի՞նչ բառապաշարով է խոսում Նիկոլ Փաշինյանը, դա վարչապետին հարի՞ր բառապաշար է: «Ես ստիպված բառապաշարս փոխել եմ, դարձրել եմ իրեն համարժեք, և դա վատ է, որովհետև ես չէի ցանկանա խոսել այն լեզվով, որը մեզ պարտադրվում է: Ինչո՞ւ է այդ մշակույթը մտցրել Հայաստանի քաղաքական դաշտ, ինչո՞ւ ենք մենք մեր ժողովրդին ցածրորակ քաղաքական ոճ հրամցնում»,- հարցադրում արեց նա:

Lragir.am
21-11-2018 13:48