Բանկից խաբեությամբ գումար են հափշտակել 

30-11-2018 14:11

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկից խաբեությամբ գումար առերևույթ հափշտակած անձանց ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2018թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող բանկերից մեկում մի կին և մի տղամարդ գումար փոխանակելու նպատակով գանձապահի ձեռքից վերցրել են թղթադրամների կապոցը՝ նախընտրած գումարը վերցնելու պատրվակով, որի ընթացքում  գանձապահի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով, հափշտակել  գումար՝ պատճառելով նյութական վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել են բանկի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված կնոջն ու տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որևէ տեղեկություն ունեն նրանց գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Lragir.am
30-11-2018 14:11