Ոստիկանները կրկին մեկնեցին մարտական հերթապահության

03-12-2018 15:06

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը: Սահմանապահ ոստիկաններին ճանապարհելու էր եկել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա դիմելով դիրքապահներին, փոխանցեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ողջույնները ու մաղթեց բարի ծառայություն: Ոստիկանության զորքերի երգչախումբն ու «Նկարագիր» պարային համույթը հայրենասիրական երգ ու պար նվիրեցին սահմանապահներին, ինչից հետո, ավանդույթի համաձայն, դիրքեր մեկնելուց առաջ ոստիկաններն աղոթեցին ու երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը: Ի դեպ, Տավուշ մեկնող այս ոստիկաններն արդեն երկրորդ անգամ են իրականացնելու մարտական հերթապահություն: Հաջորդ օրը ոստիկանության զորքերի 1033 զորամաս վերադարձան մարտական առաջադրանքը կատարած՝ հայրենիքի նվիրյալ ոստիկանները: Ոստիկանության պետը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ծառայության համար և հպարտությամբ նշեց, որ բոլոր դիրքապահների ու նաև նրանց շնորհիվ ունենք ապահով պետական սահման: Վալերիյ Օսիպյանը պարգևատրեց բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք ծառայողների: Դիրքերից վերադարձած ծառայողները մի քանի օր կհանգստանան ու կանցնեն հասարակական կարգի պահպանությանը՝ սպասելով հրամանի, որ կրկին մեկնեն արդեն հարազատ դիրքեր:

Lragir.am
03-12-2018 15:06