Արամ Հարությունյանի գործը միակ կոռուպցիոն դեպքը չէ, հնարավոր է դա լինի մի ամբողջ շղթայի մաս

04-12-2018 11:35

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն իրավիճակին, որ ԱԺ նիստ անցկացնելու համար քվորում չի ապահովվում: Հիշեցնենք, որ այսօրվա նիտում պետք է քննարկվեր ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Մարուքյանն ասաց, որ այս իրավիճակը շատ սպասելի էր, որովհետև ակնհայտ էր, որ  ՀՀԿ-ականները չեն գալու խորհրդարան: “Ես կարծում եմ, որ մինչև ընտրություններ քվորում չի լինի, իսկ դրանից հետո յոթերորդ գումարման խորհրդարանի մինչև երդման օրը բոլոր պատգամավորներն անձեռնմխելի են: Եվ երդման օրը, երբ առաջին նիստը կգումարվի, այդ պահից սկսած կդադարեն բոլոր նրանց լիազորությունները, ովքեր դեկտեմբերի 9-ին չեն ընտրվի պատգմավոր: Եվ հենց այդ րոպեից սկսած իրավապահները կարող են գործողություններ իրականացնել”,- ասաց նա: Մարուքյանի խոսքով՝ Արամ  Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը միակ կոռուպցիոն դեպքը չէ, հնարավոր է, որ դա լինի մի ամբողջ շղթայի մաս: “Վերջին հաշվով, Հայաստանում մեր ընդերքն է այդ ձևով վաճառվել, մեր գործարաններն են նման կերպով սեփականաշնորհվել, թալանվել: Եվ հիմա ժամանակն է այդ ամենով զբաղվելու: Բայց դա շատ մեծ գործ է, դրա համար պետք է դրանով զբաղվելու համար ունենանք կոմպետենտ կադրեր և քայլ առ քայլ դրանով զբաղվենք”,- հավելեց նա: Անդրադառնալով ՀՀԿ-ականների մեկնաբանությունների, թե սա նախընտրական շոու է իշխանության կողմից. Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ նախընտրական հնարք չի տեսնում այս ամենում: “Եթե սա լիներ անակնկալ… բոլորս գիտեինք, նորություն չէր: Վերջին հաշվով, Գլխավոր դատախազը չի կարող դատարկ ձեռքերով, ձեռքերը թափ տալով գալ խորհրդարան և որևէ պատգամավորի փորձել կալանավորման միջնորդություն ներկայացնել”,- հավելեց նա:

Lragir.am
04-12-2018 11:35