Գործ ունենք վտանգավոր ուժի հետ. Ում ձեռքին են հայտնվում գաղտնալսումները

Վարչապետի, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումն այս փուլում քաղաքական ենթատեքստ ունի և կարող է շարունակություն ունենալ: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: «Եթե չբացահատվի, երրորդ մաս էլ է լինելու: Հրապարակվելու է այնքան, ինչքան ունեն: Իսկ ինչքան ունեն, ոչ ոք չգիտի, քանի դեռ չի պարզվել, թե ով է ձայնագրում»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի մասնակցությամբ հռախոսային զրույցի ձայնագրության առաջին մասը հրապարակվել էր սեպտեմբեր ամսին: Այն, որ այս շրջանում է հրապարակվում գաղտնալսման ձայնագրության երկրորդ հատվածը, ըստ Սաֆարյանի, պատահական չէ: «Այս շրջանում և ընտրությունների հետ կապված, և Ռոբերտ Քոչարյանի դատավարության փուլում, և նաև թույլ տվեք ավելացնել հայ-ռուսական հարաբերությունների հերթական շիլա-շփոթի շրջանում, երբ ՌԴ իշխանությունները ՀԱՊԿ գագաթնաժողովի տեղափոխումը գցում են հայկական կողմի վրա, իսկ հայկական կողմը՝ ռուսական կողմի վրա, հրապարակվում է այս ձայնագրության  երկրորդ հատվածը: Սա նշանակում է, որ ամենևին պատահական չէ ընտրված ժամանակահատվածը՝ լիքը հաշվարկներ կան՝ սկսած ներքաղաքական պայքարում Նիկոլ Փաշինյանին, նրա ուժային դեմքերին թուլացնելուց, վերջրացրած հայ-ռուսական հարաբերություններում հերթական խնդիրները հարուցելով: Իհարկե, հասկանալի է, թե հրապարակողն ինչ նապատակ է հետապնդել՝ սույն սադրանքն իրականացնելով»,- հավելեց նա: Ըստ Սաֆարյանի՝ նորմալ չէր, երբ վերջերս ԱԱԾ տնօրենը հայտարարեց, որ գաղտնալսողներն ու տարածողները այնքան լավ են նախապատրաստվել, որ դժվար է գտնել նրանց հետքը: «Իրավացիորեն շատերը ենթադրեցին, որ կամ գիտեն ով է արել, բայց համաձարկությունը չի հերիքում ասել, կամ իսկապես այդքան պրոֆեսիոնալիզմ չկա, որպեսզի բացահայտվի: Երկու հետեւություններն էլ շատ վատ են»,- ասաց Սաֆարյանը: Նրա խոսքով՝ եթե այդպիսի անլուջ հայտարարություններ չարվեին, բնականաբար, երկրորդ մասը չէր հրապարակվի: Ըստ քաղաքագետի՝ սա վկայում է, որ ազգային անվտանգության համակարգին լուրջ սպառնալիք կա: Եթե գաղտնալսվում են երկրի վարչապետը և նրա ուժային կառույցների ղեկավարները, և դա հայտնվում է այլ մարդկանց ձեռքին, կարելի է նաև ենթադրել, որ այլ կարևոր խոսակցությունները դառնում են նաև մեր հակառակորդների սեփականությունը: Ի դեմս այս ուժի, ըստ Սաֆարյանի, գործ ունենք վտանգավոր ուժի հետ: «Եթե այդ ուժը կարողանում է գաղտնալսել վարչապետին, դա նշանակում է, որ վտանգավոր է: Մենք ընդամենը գիտենք Քոչարյանի ու Խաչատուրովի խնդրով գաղտնալսման արդյունքները, բայց որտեղ է երաշխիքը, որ մյուս բոլոր զրույցները չենք գաղտնալսվում և չեն տրամադրվում նրանց, ովքեր դա ցանկանում են, կամ մեր հակառակորդներին»,- հավելեց նա: Այս պարագայում, քաղաքագետի խոսքով, անհասկանալի է ԱԱԾ-ի պահվածքը: Եթե նրանք ընդունակ չեն բացահայտելու այս հանցագործությունը, պետք է իրենց տեղը զիջեն ավելի ունակներին: «Այս ամենից հետո արդեն վարչապետը թող որոշի՝ ինքը պահում է այդպիսի ուժային կառույցի ղեկավարներ, թե ոչ»,- նշեց նա: Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ ենթադրություններ շատ կարելի է անել, առաջ քաշված վարկածները իրավապահները ոչ հերքեցին, ոչ հաստատեցին, ընդամենն ասացին՝ չենք կարողանում այդ վարկածներն ստուգել: «Հիմա դրսից են արել, ներսից են արել, թե ով է արել, մի բան ակնհայտ է՝ նպատակ են ունեցել թուլացնել ՀՀ իշխանությունը: Սովորական քաղաքացին, երբ տեսնում է, որ իր վարչապետին գաղտնալսում են, չի կարող 100 տոկոս հավատ ունենալ, որ իր անվտանգությունը կատարյալ ապահովված է: Դա վտանագավոր է, որովհետև այդ դեպքում քաղաքացին իրեն վտանգված է զգում, իշխանությանը ոչ պրոֆեսիոնալ է համարում»,- ասաց նա:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
06-12-2018 18:28